Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 19-ին Երեւան կատարած այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարությունում հանդիպել է նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը, «որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա»: Նաեւ ընդգծվել է ներկայիս զարգացումների պայմաններում առավել սերտ փոխգործակցության, համագործակցության կարեւորությունը:
«Տիկի՛ն նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ Երեւանում: Միշտ ուրախ եմ ձեզ տեսնելու՝ քննարկելու համաշխարհային օրակարգին եւ մեր տարածաշրջանին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մեր հարաբերությունները Գերմանիայի հետ, Հայաստան—ԵՄ գործընկերությունը եւ մեր հարաբերությունների խորացումը: Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ եւ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք ՀՀ—ԵՄ հարաբերությունների մասով, եւ այստեղ ձեր ներդրումը շատ կարեւոր է»,-հանդիպման բացմանը ասել է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը։
Բերբոքը եւ Միրզոյանը հանգամանալից քննարկել են ՀՀ—ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության խորացման հեռանկարներին:
ՀՀ եւ Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան—Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաեւ ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարեւոր բաղադրիչ»,- ասվում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությանեզրափակիչ հատվածում։