Գործող նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հակահետեւակային ականներ մատակարարել Ուկրաինա՝ ռազմաճակատում ռուսական զորքերի առաջխաղացումը դանդաղեցնելու համար, BBC-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության աղբյուրը։
Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում ականները կուղարկի Ուկրաինա։ Միաժամանակ, ըստ նրա, Կիեւին Վաշինգտոնից խնդրել են նման զինամթերքը չօգտագործել խիտ բնակեցված վայրերում։
The Washington Post-ն էլ, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ ականների տրամադրումը Պենտագոնում դիտարկվում է որպես «ամենաօգտակար քայլերից մեկը, որը Բայդենի վարչակազմը կարող է ձեռնարկել Ռուսաստանի առաջխաղացումը դանդաղեցնելու համար»:
Պարբերականի զրուցակիցներից մեկն էլ նշել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կփոխանցի, այսպես կոչված, «անկայուն» ականներ, որոնք մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում դառնում են անգործուն, ինչը կնվազեցնի դրանց վտանգը խաղաղ բնակչության համար։
Կիեւին հակահետեւակային ականներ մատակարարելու վերաբերյալ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը հետեւում է նոյեմբերի 17-ին Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախները խոցելու համար մեծ հեռահարության ATACMS հրթիռների օգտագործման համար Կիեւին տրված թույլտվությանը։
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը ազատորեն օգտագործել է հակահետեւակային ականներ։ Բայդենի վարչակազմը նման ականներ Կիեւին մատակարարելու որոշում ավելի վաղ չէր կայացնում, քանի որ համարվում էր, որ դրանք մեծ վնաս են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։