Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։
Ֆրանսիական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փարիզի այս քայլը «հետեւում է COP29-ի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի եւ եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց պատճառով էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի եւ կանխարգելման ռիսկերի նախարար տիկին Ագնես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին»:
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ալիեւը Ֆրանսիային մեղադրել էր Երկիր մոլորակի էկոհամակարգին մեծ վնաս հասցնելու համար՝ որպես պատճառ ներկայացնելով նախորդ դարի կեսերին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համարվող Պոլինեզիայում եւ այդ ժամանակ դեռ Փարիզին ենթակա Ալժիրում միջուկային փորձարկումները։
Ադրբեջանի նախագահը Ֆրանսիային նաեւ մեղադրել էր անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար եւ որպես օրինակ ներկայացրել ընթացիկ տարվա մայիսին Նոր Կալեդոնիայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները։
Եվրամիությանն էլ Ադրբեջանի նախագահը քննադատել էր «մարդու իրավունքների խախտումների», «իսլամաֆոբիայի» եւ իր հասցեին քննադատություններ հնչեցնելու համար։
Ի պատասխան Ալիեւի նման կոշտ քննադատությունների՝ Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը հրաժարվեց Բաքվում ընթացող COP29-ի աշխատանքներին մասնակցելուց։
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանի հետ սերտ ռազմատեխնիկական համագործակցության եւ միջպետական հարաբերությունների խորացման՝ վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է տարատեսակ հարթակներ ձեւավորել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, այդ թվում Նոր Կալեդոնիայում, այսպես կոչված, «ապագաղութացման» պայքարը խթանելու եւ «նեոգաղութատիրության» դեմ պայքարելու համար։