Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից եւ դադարեցնել քրդերին ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ դրա դիմաց Անկարան առաջարկել է ինքնուրույն ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող ռազմական պայքարը։
Պարբերականը նշում է, որ թուրքական կողմի համար հիմնական խոչընդոտ են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին տրամադրվող ռազմական օգնությունը եւ մրտական պատրաստությունները։ Բացի այդ՝ Թուրքիան քրդական ռազմական կազմավորումները համարում է «ահաբեկչական» եւ սպառնալիք իր միասնության համար։ Կապված այս ամենի հետ՝ Անկարան Վաշինգտոնին առաջարկել է, որ կարող է ամբողջությամբ իր վրա վերցնել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարը։ Փոխարենը Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը դուրս բերի զորքերը Սիրիայից եւ դադարեցնի քրդերին աջակցելը։ Թուրքական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնելու «Իսլամական պետության» բանտարկված տասնյակ հազարավոր զինյալների եւ նրանց հարազատների համար, որոնք ավելի վաղ կալանավորվել էին քրդերի կողմից, գրում է Bloomberg-ը։
Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Անկարայի առաջարկին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բազմիցս է հայտարարել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ծրագրի մասին, որի նպատակը պետք է լիներ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա վերահսկողություն ապահովելը եւ այնտեղից բխող ահաբեկչական սպառնալիքները նվազագույնի հասցնելը։