Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պատճառը ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի նախօրեին եւ դրա ընթացքում երկրի վրա «Փարիզի հարձակումների դեմ» բողոքի նոտա ներկայացնելն էր։
«Մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի կողմից հյուրընկալվող ՄԱԿ-ի հեղինակավոր այս միջոցառումը բոյկոտելու, ինչպես նաեւ դրան մասնակցելուց զերծ մնալու շատ երկրների ղեկավարներին ուղղված կոչերի անընդունելիությունը, որոնց վերաբերյալ բանաձեւը ընդունել էր Եվրախորհրդարանը COP29-ի սկզբին Ֆրանսիայի հատուկ ջանքերով, որտեղ անհիմն քննադատության է ենթարկվում կլիմայի համաժողովում Ադրբեջանի նախագահությունը, եւ որը ընդհանուր առմամբ ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի Բաքվի գլոբալ ջանքերի դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ֆրանսիայի արտգործնախարարությունն էր հայտնել Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւային գերատեսչություն հրավիրելու մասին, որի համար որպես պատճառ նշվել էր COP29-ի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի եւ եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտությունների դեմ բողոքը։
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ալիեւը Ֆրանսիային մեղադրել էր Երկիր մոլորակի էկոհամակարգին մեծ վնաս հասցնելու համար՝ որպես պատճառ ներկայացնելով նախորդ դարի կեսերին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համարվող Պոլինեզիայում եւ այդ ժամանակ դեռ Փարիզին ենթակա Ալժիրում միջուկային փորձարկումները։
Ադրբեջանի նախագահը Ֆրանսիային նաեւ մեղադրել էր անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար եւ որպես օրինակ ներկայացրել ընթացիկ տարվա մայիսին Նոր Կալեդոնիայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները։
Եվրամիությանն էլ Ադրբեջանի նախագահը քննադատել էր «մարդու իրավունքների խախտումների», «իսլամաֆոբիայի» եւ իր հասցեին քննադատություններ հնչեցնելու համար։
Ի պատասխան Ալիեւի նման կոշտ քննադատությունների՝ Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը հրաժարվեց Բաքվում ընթացող COP29-ի աշխատանքներին մասնակցելուց։
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանի հետ սերտ ռազմատեխնիկական համագործակցության եւ միջպետական հարաբերությունների խորացման՝ վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է տարատեսակ հարթակներ ձեւավորել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, այդ թվում Նոր Կալեդոնիայում, այսպես կոչված, «ապագաղութացման» պայքարը խթանելու եւ «նեոգաղութատիրության» դեմ պայքարելու համար։