Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որ վերջերս է վերադարձել Ադրբեջանից, որտեղ մեկնել էր COP29-ին մասնակցելու համար, հայտարարել է, որ Բաքվում ֆիզիկական բռնությունից կարողացել է խուսափել միայն ԱՄՆ Պետքարտուղարության ջանքերի շնորհիվ։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական «Turan» գործակալությունը հայտնեց, որ Բաքվից Փալոնի հեռանալու պատճառը եղել է նրա հանդեպ ցուցաբերված բացասական վերաբերմունքը։ Մասնավորապես նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել էր Փալոնին մյուս կոնգրեսականների հետ ընդունելուց, իսկ իշխանամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Պարկ Բուլվար» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել էր կոնգրեսականը, հավաքվել եւ պահանջել էին պատասխանատվության ենթարկել նրան իր հայամետ դիրքորոշումների համար։
«Վրդովեցուցիչ է եւ շատ խոսուն, որ նախագահ Ալիեւը կփորձի լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին եւ կանխել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների եւ արդարության վերաբերյալ քննադատական քննարկումները, նույնիսկ փակ դռների հետեւում: Ինձ խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների եւ բոլոր նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմից։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության եւ հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաեւ արդար եւ տեւական խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- հայտարարել է Փալոնը, որի խոսքերը մեջբերում է նրա կայքէջը։
Նշվում է, որ Փալոնը Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլատրվել էր հանդիպել Ալիեւի հետ, խնդրել էր բարձրացնել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի շարունակականության հարցը։
«Ես հպարտ էի, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիեւին ներկայացրել է այն կետը, որ ԱՄՆ կառավարությունը, անկախ կուսակցություններից, չի ցանկանում այլեւս հակամարտություն տեսնել տարածաշրջանում, եւ որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Փալոնը։
Մասաչուսեթսից սենատոր Էդվարդ Ջոն Մարքին էլ, կայքի փոխանցմամբ, հիշեցրել է, որ տարեսկզբին իր անհանգստությունն է բարձրաձայնել այն մասին, որ հանածո վառելիքից կախվածություն եւ մարդու իրավունքների սարսափելի վիճակ ունեցող Ադրբեջանը ընտրվել է որպես COP29-ը հյուրընկալող երկիր։
«COP29-ին մասնակցելուց հետո ես վերահաստատում եմ Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները շտկելու անհրաժեշտությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության վրա հարձակումները, ապօրինի կալանավորումներն ու սպանությունները, խոշտանգումները եւ խոսքի ազատության, հավաքների եւ միավորումների իրավունքի խիստ սահմանափակումները։ Ես կշարունակեմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ եւ ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ եւ բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պաշտպանում է տարածաշրջանային խաղաղությունը եւ միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»,- հայտարարել է Մարքին։
Հիշեցնենք, որ հանրապետական Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, Արցախի աջակցության եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծերի հեղինակ։ Նա շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ այլ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գաղափարի հիմնական առաջ մղող կոնգրեսականներից մեկը:
2024 թվականի հոկտեմբերի 3-ին Փալոնը եւ Մարքին համատեղ նամակ էին ուղղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով դիմակայել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին եւ առաջ մղել բարեփոխումների իրագործումը COP29 գագաթնաժողովից առաջ: