Հայաստանի Կառավարության այսօր ընդունած որոշմամբ 2025 թվականի հունվարից կնվազի Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված աջակցությունը եւ աստիճանաբար կտրամադրվի միայն հասցեական խմբերին։
Կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է. «2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրականությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախային խմբերին»։
Ընդունված նոր ծրագրի համաձայն՝ գալիք տարվա հունվար-մարտ ամիսներին աջակցությունը կկազմի 50,000 դրամ՝ պահպանելով օգնության հասցեատերերի գործող շրջանակը, իսկ արդեն ապրիլ-հունիս ամիսներին այն կկրճատվի մինչեւ 40,000 դրամ եւ կուղղվի առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ մինչեւ 18 տարեկան երեխաներին, հանրակրթական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող անձանց, 63 եւ բարձր տարիքի անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին եւ կերակրողին կորցրած նպաստ ստացողներին։ Նաեւ նշվում է, որ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նույն խմբերի համար աջակցությունը կշարունակվի, սակայն կկազմի 30,000 դրամ։
Նախարար Մկրտչյանը Կառավարությանը ներկայացրեց նաեւ 13 ամսվա ընթացքում արցախահայերին տրամադրված օգնության ընդհանուր ծավալները, որոնք, իր հաղորդմամբ, կազմել են ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամ։ Նախարարի խոսքերով՝ սա ներառում է սոցիալական, ֆինանսական եւ բնակարանային աջակցության ուղղություններում ներառված բազմաթիվ ծրագրեր։
Մկրտչյանը նաեւ նշել է, որ տրամադրվող ֆինանսական աջակցության շուրջ 90 տոկոսը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից՝ չնայած գործընկեր երկրների տրամադրած աջակցությանը։