Մեծ հավանականությամբ Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական վարչակազմ ստեղծելու։ Այդ մասին գրում է Ynet-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ Ըստ հարթակի՝ Իսրայելի անվտանգության ծառայություններն այժմ զբաղված են այնպիսի «արտաքին կառույցների» փնտրտուքով, որոնք իսրայելական վերահսկողության ներքո կզբաղվեն Գազայում մարդասիրական օգնությանն առնչվող հարցերով։ Բացի այդ՝ Իսրայելի պաշտպանության բանակն ամրապնդում է իր զբաղեցրած դիրքերը Գազայի հատվածում, ընդլայնում վերահսկողության տակ վերցրած տարածքները եւ ստեղծում ռազմական հենակետեր։
Ynet-ի տվյալներով՝ Գազայում ռազմական վարչակազմի ստեղծում պահանջում է Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարությունը։ Ավելին՝ այդ հարցի շուրջ զինվորականներն արդեն բանակցություններ են վարում երկրի քաղաքական ղեկավարության հետ: Գազայում ռազմական վարչակազմի ստեղծման շուրջ քննարկումներն ակտիվացան երկու գործոնների ֆոնին, որոնք «նախկինում զսպիչ գործոն էին Իսրայելի նախարարների կաբինետի աջ թեւի ներկայացուցիչների համար» (խոսքը, մասնավորապես, ֆինանսների նախարար Բեթսելել Սմոտրիչի եւ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մասին է)։ Այդ գործոններից առաջինը պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հեռացումն էր, իսկ երկրորդը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Հարթակի զրուցակիցները պնդում են, որ Գալանտը դեմ է եղել երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի գաղափարներին, որը մասնավորապես հանդես է գալիս Գազայի հատվածի հյուսիսային շրջանները եւ Հորդանան գետի արեւմտյան ափը Իսրայելին բռնակցելու օգտին։
Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ քաղաքական որոշում չի կայացվել, սակայն Իսրայելի կառավարությունը հետամուտ է ռազմական վարչակազմի ստեղծմանը, հայտնում է Ynet-ը։ Բացի տնտեսական, նյութատեխնիկական, ենթակառուցվածքային եւ անվտանգության հետեւանքներին առնչվող հարցերից՝ կան նաեւ իրավական նկատառումներ՝ ներառյալ միլիոնավոր պաղեստինցիների նկատմամբ վերահսկողությունը եւ նրանց հումանիտար կարիքներից բխող պահանջների լուծումը:
«Աղբյուրները նշում են, որ պարզ չէ, թե Իսրայելն ինչ է անելու Գազայի հետ 13 ամիս պատերազմից հետո»,- նշում է Ynet-ը: