Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ նոյեմբերի 5–ին պաշտոնանակ արված երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։
Դատարանը Նեթանյահուին եւ Գալանտին մեղադրում է 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 20-ը Գազայի հատվածում կատարված ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Նաեւ, ըստ դատարանի, Նեթանյահուն ու Գալանտը պատասխանատու են քաղցը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու համար:
ՄՔԴ Նախաքննական պալատի դատավորները կարծում են, որ Նեթանյահուն եւ Գալանտը «միտումնավոր եւ գիտակցաբար» Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը զրկել են գոյատեւման համար անհրաժեշտ միջոցներից՝ ներառյալ սննդից, ջրից, դեղորայքից, բժշկական պարագաներից, ինչպես նաեւ վառելիքից եւ էլեկտրականությունից:
Դատարանը հայտարարության մեջ ընդգծում է, որ ձերբակալման մասին օրդերը սովորաբար դասակարգվում է որպես «գաղտնի», սակայն այս դեպքում որոշվել է այն հրապարակել իր բոլոր մանրամասնություններով, քանի որ «օրդերի մեջ նշված վարքագիծը, ըստ ամենայնի, շարունակում է դրսեւորվել»։ Ավելին՝ ՄՔԴ Նախաքննական պալատը եզրակացրել է, որ հրապարակումը բխում է զոհերի եւ նրանց ընտանիքների շահերից:
ՄՔԴ-ն նաեւ ձերբակալության օրդեր է տվել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի հրամանատար Մուհամմեդ Դեյֆի համար։ Իսրայելում նա համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման կազմակերպիչներից մեկը։ Իսրայելական կողմի պնդմամբ Դեյֆը սպանվել է հուլիսին Գազայի հատվածի հարավում գտնվող ալ-Մավասի ճամբարի վրա ավիահարվածի ժամանակ:
Նեթանյահուի եւ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր 2024 թվականի մայիսին պահանջել էր Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը։ Նա նաեւ ձերբակալության օրդեր է խնդրել ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների՝ Յահյա Սինվարի, Մուհամմադ Դեյֆի եւ Իսմայիլ Հանիեի նկատմամբ։ Սակայն ՀԱՄԱՍ-ի նշյալ ղեկավարներն արդեն սպանված են։
Նեթանյահուն ՄՔԴ դատախազի խնդրանքը անվանել էր «սկանդալային» եւ ասել, որ դա «չի կանգնեցնի» իրեն կամ Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է ձերբակալության օրդերների պահանջը եւ այն անվանել «վրդովեցուցիչ»։