ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր է ժամանել Ադրբեջան, հաստատել է, որ Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովին մասնակցող երկրները դեռ համաձայնության չեն եկել 2025 թվականին կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար միջոցներ հատկացնելու շուրջ։
«Ես բանակցությունների մասնակից չեմ, բայց որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ կոչ եմ անում երկրներին համաձայնության գալ եւ ժամանակ չկորցնել։ Ինչպես արդեն ասացի, ժամանակը գնում է»,- ասել է Գուտերեշը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրագրողների հարցին, թե ով է դանդաղեցնում միջոցներ հատկացնելու որոշումը եւ ինչ պատճառով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է պատասխանելուց։
Հիշեցնենք, որ COP29-ի օրակարգի ամենակարեւոր կետը կլիմայական ծրագրերի ֆինանսավորման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար հարուստ երկրների կողմից զարգացող երկրներին տարեկան մինչեւ մեկ տրիլիոն դոլար հատկացնելու շուրջ համաձայնության հարցն է: Այսօր Ադրբեջանի ներկայացրած նախագծի տեքստը մերժվել է դրա անորոշության պատճառով։ Տեքստում հստակեցված չի եղել, թե որքան են հարուստ երկրները պատրաստ վճարելու զարգացող երկրներին։