ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը պաշտոնապես հանել է իր թեկնածությունը գլխավոր դատախազի եւ Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից, որի համար նրան առաջադրել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
Գետցը, որը կասկածվում է թմրանյութերի կիրառման եւ թրաֆիքինգի մեջ մասնակցություն ունենալու մեջ, հայտարարել է, որ եթե նշանակվեր այդ պաշտոնում, ապա այն շեղող հանգամանք կարող էր դառնալ Թրամփի նոր վարչակազմի ձեւավորման համար։ Նա կարծում է, որ Վաշինգտոնում երկարատեւ տարաձայնությունների ժամանակ չկա, իսկ Արդարադատության դեպարտամենտը պետք է պատրաստ լինի աշխատելու Թրամփի նախագահության առաջին իսկ օրվանից։
«Ես մշտապես հպարտ կլինեմ, որ նախագահ Թրամփն ինձ առաջադրեց այս պաշտոնում եւ վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,- ասել է Գետցը։
Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար Թրամփի նոր թեկնածուն դարձել է 2011-2019 թվականներին Ֆլորիդայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած 59-ամյա Փեմ Բոնդին։
2019-ին իշխանության չարաշահման մեղադրանքների պատճառով Թրամփի առաջին իմպիչմենտի ժամանակ Բոնդին եղել է նրա փաստաբաններից մեկը։ Նա նաեւ Թրամփին աջակցել է մյուս քրեական գործերի ժամանակ եւ քննադատել է այդ գործերը վարած դատախազներին։
Ըստ Politico-ի՝ Թրամփի վարչակազմի նախկին աշխատակիցների ստեղծած America First քաղաքականության ինստիտուտում Բոնդին նաեւ զբաղեցնում է օրենքի եւ արդարադատության հարցերով բաժնի համանախագահի պաշտոնը։
Truth Social-ում Թրամփը գրել է, որ Բոնդիին երկար տարիներ է, ինչ ճանաչում է։ Նորընտիր նախագահի գնահատմամբ որպես դատախազ նա «շատ կոշտ է հանցավորության հարցում», եւ հենց նրա օրոք փողոցներն անվտանգ են դարձել ֆլորիդացիների համար։ Նա նաեւ նշել է, որ Բոնդին աշխատել է դադարեցնել ֆենտանիլ տեսակի թմրանյութերի առեւտուրը:
«Չափազանց երկար ժամանակ կուսակցականացված արդարադատության նախարարությունը որպես զենք է ծառայել իմ եւ մյուս հանրապետականների դեմ, այդպես այլեւս չի լինի։ Փեմը արդարադատության նախարարությունը կվերաուղղորդի դեպի իր հիմնական խնդիրներ՝ դեպի հանցագործության դեմ պայքարին եւ Ամերիկան նորից անվտանգ դարձնելուն»,- գրել է Թրամփը։