1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի համար երկու կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց Իրավարար վճիռը, իսկ Բաքվում բոլշեւիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ ձեւավորվեց Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը տասն օր անց պետք է կառավարող ՀՅԴ-ից վերցներ իշխանությունը Հայաստանում:
Հանրապետության ղեկավարները, զգալով ու գիտակցելով այն վտանգը, որ գալիս էր թուրք քեմալականներից եւ ռուս բոլշեւիկներից, ձգտում էին Հայաստանի մանդատը, այն է՝ ինքնիշխանությունը, հանձնել Միացյալ Նահանգներին, որը 1919-1920 թվականներին Հայաստանին փրկել էր սովից՝ տրամադրելով անգնահատելի պարենային օգնություն:
Նախագահ Վուդրո Վիլսոնը 1919 թվականի փետրվարին Սպիտակ տանն անցկացրեց Հայաստանի մանդատին նվիրված խորհրդակցություն, որտեղ հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ը որեւէ մանդատ ընդունի Ազգերի լիգայից, ապա առաջին հերթին նա պետք է ընդունի Հայաստանի մանդատը»:
Կարճ ժամանակ անց ընդունվեց որոշում, ըստ որի՝ նախագահ Վիլսոնին իրավունք էր տրվում, Սենատի համաձայնությամբ, ընդունելու Հայաստանի մանդատը: Հայաստանի սահմանները պետք է որոշվեին ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի պատվիրակությունների համաձայնությամբ:
1920 թվականի ապրիլի 24-ին Սան-Ռեմոյի խորհրդաժողովում Հայաստանի սահմանների մասին ընդունվում է Լլոյդ Ջորջի նախագիծը, որն ուղարկվում է Վիլսոնին: Նախագծով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները, նաեւ դեպի ծով ելքով, պետք է միանային Հայաստանին։ 1920 թվականի մայիսի 17-ին Վիլսոնը տալիս է իր համաձայնությունը ապագա Հայաստանի սահմանների որոշման իրավարար լինելու մասին: Մայիսի 24-ին նա դիմում է Կոնգրեսին՝ Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկով: Հունիսի 1-ին, սակայն, Սենատը մերժում է Վիլսոնի առաջարկը:
Այս փաստը, սակայն, մինչեւ այսօր հայ պատմագրությունը եւ Սեւրն ու Իրավարար վճիռը ինդուստրիայի վերածած քաղաքական գործիչները փորձում են անտեսել:
Սան-Ռեմոյի խորհրդաժողովում մշակված եւ Օսմանյան կայսրության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Փարիզի մերձակա Սեւրում:
Պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը իր «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» աշխատության մեջ գրում է․ «Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի պայմանագիրը, որին երկար ժամանակ սպասում եւ որի հետ մեծ հույսեր էր կապում հայ ժողովուրդը: Այդ բարդ եւ հակասական ժամանակներում Հայաստանի կառավարությունը, մի կողմից, ստորագրում էր Թիֆլիսի համաձայնագիրը՝ Ռուսաստանին հանձնելով, ճիշտ է ժամանակավորապես, վիճելի տարածքները [Արցախ, Զանգեզուր, Նախիջեւան], մյուս կողմից՝ Սեւրում ստորագրում էր մի այլ պայմանագիր, որով պետք է հետ ստանար Արեւմտյան Հայաստանի մի մասը»:
Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն՝ Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:
Ճիշտ նույն օրը Բաքվում ձեւավորված Հայհեղկոմը շարժվեց դեպի Իջեւան, նոյեմբերի վերջերին մտավ Հայաստանի տարածք եւ Հայաստանը հռչակեց բոլշեւիկյան:
Մինչ այդ՝ նոյեմբերի 18-ին, Հայաստանը քեմալականների՝ Կարսը եւ Ալեքսանդրապոլը զավթած Քյազիմ Կարաբեքիրի հետ կնքել էր զինադադար եւ պատրաստվում էր Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած պատվիրակությանը ուղարկելու Ալեքսանդրապոլ՝ դաշնագիր կնքելու թուրքերի հետ, ինչը եւ արվեց:
Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը հրաժարական տվեց։ Նույն օրը պաշտոնական «Յառաջ» օրաթերթը «Դեպի հաշտություն» վերնագրված խմբագրականում գրեց. «Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ եւ վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ եւ ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա, եւ եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի ու կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպետք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ եւ վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչեւ այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը»:
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24-ին կազմեց նոր կառավարություն: Նույն օրը նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ եւ համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարեւանների հետ»:
Վրացյանը 1922-ին ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին գրեց․ «Մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների»:
Հայաստանի առաջին վարչապետ եւ խորհրդարանի վերջին նախագահ Հովհաննես Քաջազնունուն 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին գրեց. «Փարիզի [Սեւր] հուշագիրը շատ ոգեւորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետեւ, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրեւ փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրեւ դավաճանություն եւ ամեն մի հակառակություն դրսից՝ իբրեւ թշնամություն հանդեպ մեր դատի եւ իրավունքների»:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։