Երեւանը խիստ մտահոգված է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով եւ անթույլատրելի է համարում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այդ մասին ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին երկրի անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը եւ գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում»,- ասվում է ուղերձում։
Փաշինյանը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը եւ փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը:
Հիշեցնենք, իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
Գազայում գործող առողջապահության նախարարւթյան վերջին տվյալներով համակարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասնում է արդեն 44 հազարի։
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։