Նախօրեին Բաքու ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը COP29 շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը հանդես է գալիս Ադրբեջանի իշխանություններին քննադատողների ազատ արձակման օգտին եւ այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
«Անկախ կլիմայական այս համաժողովից՝ մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ քաղաքական քննարկումների մաս: Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է։ Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների եւ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են»,- Turan գործակալության փոխանցմամբ հայտարարել է Բերբոքը։
Նա նաեւ նշել է, որ կան նաեւ Գերմանիայի հետ սերտ առնչվող դեպքեր, ինչպիսին, օրինակ, քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի՝ երկրից հեռանալու արգելքն է, որի մասին խոսել է Բաքու կատարած վերջին այցի եւ դրանից հետո ունեցած քննարկումների ժամանակ։
Բերբոքը նաեւ անընդունելի է համարել Բաքվի հետ ունեցած հակասությունների ֆոնին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը՝ նշելով, որ դրանք ազդում են նաեւ Բունդեսթագի անդամների վրա եւ անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ։