Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը արձագանքել է Բաքվից վերադառնալուց հետո կոնգրեսական Ֆրենկ Փալոնի եւ սենատոր Էդ Մարքիի հայտարարություններին՝ նշելով, որ ամերիկացի օրենսդիրներն իրենց «այցի արդյունքները ներկայացրել են այնպես, որ համահունչ լինի այն ամենին, ինչ ցանկանում է լսել հայկական լոբբին»։
Հաջիեւը X-ի էջում կատարած գրառման մեջ հայտնում է, որ Բաքվում սենատոր Էդ Մարքիի հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում նշել է, որ հակամարտության «30 տարիների ընթացքում ո՛չ նա, ո՛չ նրա գործընկերները չեն հիշել արդարության մասին»։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ գրում է, որ խոսել է արցախահայերի վերադարձից եւ ԱՄՆ օրենսդիրներին ասել է, որ «էթնիկ հայ բնակիչները կարող են քաղաքացիություն ստանալու համար դիմել միայն անհատական հիմունքներով», իսկ քաղաքացիության շնորհման դեպքում դա կատարվելու է միայն Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ «Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձաբար եւ Հայաստանից վտարված ադրբեջանական բնիկ բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,- նշել է Հաջիեւը։
«Մենք քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղությանը։ Այնուամենայնիվ, որոշ ԱՄՆ օրենսդիրներ, հայկական լոբբիի հրահրմամբ, խոչընդոտում են տարածաշրջանային խաղաղությունը, հրաժարվում են տեղում ձեւավորված իրողություններն ընդունելուց եւ փորձում են մեզ հետ քաշել դեպի անցյալ»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիեւի գրառումից հետեւում է, որ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին Բաքվում իջեւանելու համար հատկացված հյուրանոցային համարի պատուհանից երեւացել է, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգին», որտեղ բացի հայկական զինուժից գրավված զինտեխնիկայից, նվաստացուցիչ վիճակում ներկայացված են հայ զինծառայողների մանեկեններ՝ շղթայված բանտախցում։
Հիշեցնենք, որ օրերս Փալոնը հայտարարել էր, որ Բաքվում մի կերպ է կարողացել խուսափել ֆիզիկական բռնությունից։
«Վրդովեցուցիչ է եւ շատ խոսուն, որ նախագահ Ալիեւը կփորձի լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին եւ կանխել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների եւ արդարության վերաբերյալ քննադատական քննարկումները, նույնիսկ փակ դռների հետեւում: Ինձ խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների եւ բոլոր նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմից։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության եւ հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաեւ արդար եւ տեւական խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- հայտարարել է Փալոնը, որի խոսքերը մեջբերում է նրա կայքէջը։