Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Բաքվում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարները, բացի երկկողմ հարաբերություններից եւ COP29-ի շրջանակում ընթացող բանակցություններից, քննարկել են նաեւ տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը եւ խաղաղ գործընթացում առկա խնդիրները։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը եւս մեկ անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ եւ անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ՝ նշելով մեր երկրի դիրքորոշումը»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ անկախ կլիմայական համաժողովից՝ մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ քաղաքական քննարկումների մաս:
«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է»,- ընդգծել էր Բերբոքը։