COP29-ի նախագահությունը Ադրբեջանում ընթացող համաժողովի վերջին ժամերին հրապարակել է կլիմայական ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը։ Դրանով հարուստ երկրներին առաջարկվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը մինչեւ 2035 թվականը յուրաքանչյուր տարվա համար հասցնել 250 միլիարդ դոլարի՝ նախկին 100 միլիարդի փոխարեն։
Հիշեցնենք, որ COP29-ի օրակարգի ամենակարեւոր կետը կլիմայական ծրագրերի ֆինանսավորման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար հարուստ երկրների կողմից զարգացող երկրներին ՄԱԿ-ի հաշվարկներով տարեկան մինչեւ մեկ տրիլիոն դոլար հատկացնելու շուրջ համաձայնության հարցն է:
«COP29-ի նախագահությունն իր առջեւ նպատակ է դրել մեկ տարվա ընթացքում հասնելու արդար եւ հավակնոտ նոր ֆինանսավորման՝ հաշվի առնելով կողմերի կարիքներն ու առաջնահերթությունները: Մինչ առավոտ ծավալուն խորհրդակցություններ ենք անցկացրել։ Մենք բոլոր խմբերին հնարավորություն ենք տվել իրենց տեսակետներն արտահայտելու նախօրեին մեր տարածած տեքստի նախագծի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնել կառուցողական մասնակցության համար։ Հաշվի առնելով խորհրդակցությունների ընթացքում արտահայտված տեսակետները՝ հրապարակել ենք նոր տեքստ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 21-ին մերժվել էր Ադրբեջանի ներկայացրած նախագծի տեքստը՝ դրա անորոշության պատճառով։ Տեքստում հստակեցված չի եղել, թե որքան են հարուստ երկրները պատրաստ վճարելու զարգացող երկրներին։