Ֆրանսիայի արտգործնախարարությունը ի գիտություն է ընդունել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի վճիռները։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության տեքստում։
«Խոսքը ոչ թե դատավճռի, այլ մեղադրանքի պաշտոնականացման մասին է։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս որոշումը։ Միջազգային արդարադատությանն աջակցելու իր երկարամյա հանձնառությանը համահունչ՝ վերահաստատում է իր հանձնառությունը դատարանի անկախ գործունեությանը՝ համապատասխան Հռոմի կանոնադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Գազայում հակամարտության սկզբից ի վեր Ֆրանսիան բոլոր կողմերին միշտ կոչ է արել խստորեն պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը եւ, դատապարտելով դրա խախտումները, պաշտպանել խաղաղ բնակիչներին։
Ֆրանսիայաի արտգործնախարարությունը նաեւ հայտարարում է, որ չպետք է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը իրականացրած ՀԱՄԱՍ «ահաբեկչական» խմբավորման եւ Իսրայել ժողովրդավարական պետության միջեւ հավասարության նշաններ դրվեն։
Բացի այդ՝ Փարիզը նաեւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդառվածներին եւ ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը Գազայի խաղաղ բնակչությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՄՔԴ-ն մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալության օրդերներ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի համար։ Զուգահեռաբար ՄՔԴ-ն նաեւ պահանջել է ձերբակալել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆին, որը, ըստ իսրայելական կողմի, սպանվել է հուլիսին։