Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ տեղեկությունը փոխանցել են դատախազությունից։ Այնտեղից լրատվականին նաեւ հայտնել են, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։
Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա 2018-2023 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։
2020 թվականի նոյեմբերին նա կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ եւ համաձայնել է լրտեսություն կատարել՝ ստանալով «Սարխան» ծածկանունը։
2020-2023 թվականների ընթացքում Գալստյանը հավաքել եւ փոխանցել է տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բնակչության, նրանց տրամադրությունների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումների, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո նա կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում եւ շարունակել է իր հանցավոր գործունեությունը՝ փոխանցելով հայ ազգաբնակչության վերաբերյալ այլ տեղեկություններ օտարերկրյա հետախուզության ծառայություններին։
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, սակայն նրա եղբորորդին հերքել էր այդ տեղեկությունը։