Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 24-ին, մի պատգամ է հղել, որը կարող է ուղղված լինել նաեւ այսօրվան եւ Հայաստանի այսօրվա վարչապետին:
Դժնդակ պայմաններում ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Վրացյանը խորհրդարանի դաճլիճում իր կուսակից ընկերներին՝ դաշնակցականներին, ասել է. «Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետեւանքով եւ միշտ տուժել ենք եւ ջախջախվել բոլոր ճակատներում: Մեզ հարկավոր է մի շշմեցուցիչ հարված, որ մենք զգաստանանք, եւ այդ հարվածը արդեն հասել է մեզ: Այժմ զգաստանալու ժամանակն է: Սակայն այդ զգաստացումն էլ չպետք է չափազանց ծայրահեղության հասնի, մի բան, որը դժբախտաբար մեր ժողովրդին հատուկ է»:
Այս խոսքերը ՀՀ վերջին վարչապետն ասել է, երբ թուրք քեմալականները գրավել էին Ալեքսանդրապոլը, իսկ Բաքվում ձեւավորված Հայհեղկոմը շարժվում էր դեպի Հայաստան՝ ռուս բոլշեւիկների օգնությամբ վերցնելու իշխանությունը:
Վրացյանի պատգամը հստակորեն երկու մասերից էր կազմված. առաջին՝ ընդունել գետնի վրա ստեղծված իրավիճակը եւ դրանից բխող քայլեր ձեռնարկել, երկրորդ՝ չընկնել հակառակ ծայրահեղության մեջ:
«Եթե Կիլիկիայից մինչեւ Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, եթե այդ սահմանների համար մենք շատ քիչ էինք, ապա Նոր Բայազետի եւ Երեւանի շրջանների մասերից կազմված մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք: Եվ այժմ, քննադատելով մեր անցյալ գործելակերպը, չպետք է ընկնենք չափազանցությունների մեջ եւ մեր ձգտումները հարմարեցնենք մեր ուժերին»,- ասել է Վրացյանը:
Նույն օրը ՀՅԴ Բյուրոյի «Յառաջ» օրաթերթում հրապարակվեց խմբագրական, որն արդիական է նաեւ այսօր: Հիշեցնելով, որ հայկական պատվիրակությունը մեկնել է Ալեքսանդրապոլ՝ հաշտության բանակցություններ սկսելու Քյազիմ Կարաբեքիրի հետ, «Յառաջը» ընդգծում է. «Մեր ժողովրդի մեջ կան տարրեր, որոնք դեռ չեն ըմբռնում կամ չեն կամենում ըմբռնել, որ ստեղծված դրության մեջ հաշտությունը միակ միջոցն է փրկելու համար այն, ինչ որ դեռ կարելի է փրկել»:
Ժամանակները, հանգամանքները, ուժերն ու պայմանները տարբեր էին 1920-ականներին եւ այսօր, բայց մեկ բան անփոփոխ է՝ աշխարհագրությունը եւ հարեւան շրջապատը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։