«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Ալիք Մեդիայի» սյունակագիր Վահրամ Աթանեսյանի «Աստծու հաջորդ օրը» վեպը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ եւ առաջաբանով:
Վեպը Բաքվից Միացյալ Նահանգներ տեղափոխված ընտանիքի եւ Խորհրդային Միության փլուզումից հետո Սանկտ Պետերբուրգում հաստատված ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետի բարդ հարաբերությունների պատմությունն է, որ միջնորդավորված է անցյալ դարի 70-80-ականներին Ադրբեջանում ազգայնականության հաստատման ընթացքի հեղինակային դիտարկումներով:
Ինչպես վեպի խմբագիրն է գնահատում, դա իրականության վերընկալում է, որ գեղարվեստականորեն ներկայացված է որպես խորհրդային Բաքվի սոցիալ-հանրային կյանքի խորքային դրսեւորում, մի հայացք, որ մեզ թույլ է տալիս հայ-ադրբեջանական անտագոնիզմի ստերեոտիպային պատկերացումից դուրս տեսնել երկրորդ-երրորդ շերտեր:
Գլխավոր հերոսի ողբերգությունը նրա ընտանիքի կապն է խորհրդային ՊԱԿ-ի հետ, որ կանխորոշել է նրա ամբողջ կյանքը, արտագաղթը Միացյալ Նահանգներ, պայքարը՝ ստվերային աշխարհում վերահաստատելու երբեմնի հեղինակությունը, որ հարկադրում է Լոս Անջելեսից մեկնել Մոսկվա, որտեղ էլ խարդավանքի զոհ է դառնում: Փլուզումների, կորուստների եւ մարդկային դիմազրկման դրաման ներկայացված է գլխավոր հերոսի կյանքի վերջին օրվա քրոնիկոնի բացազատման միջոցով:
Վահրամ Աթանեսյանը «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է: Նա Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր է, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։