Արեւմտյան որոշ երկրներ կրկին սկսել են քննարկել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները (PMC) Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ վկայակոչելով հարցին իրազեկ աղբյուրներ։
Նշվում է, որ նման քննարկումները վերսկսվել են ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի եւ հունվարի վերջին նախագահի պաշտոնի ստանձնման ֆոնին, որը կարող է դադարեցնել Վաշինգտոնից Կիեւին տրամադրվող օգնությունը։
Le Monde-ն հիշեցնում է, որ փետրվարին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ քննարկման էր դրել Ուկրաինա արեւմտյան երկրներից զորքեր ուղարկելու հնրավորությունը, դա որոշ երկրների, հատկապես Գերմանիայի կողմից «ուժեղ հակազդեցություն» էր առաջացրել։ Նման քննարկումները վերսկսվել են վերջին շաբաթներին, հատկապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։
«Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ բանակցություններ են ընթանում պաշտպանական համագործակցության շուրջ, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային հարվածային ուժ ստեղծելու նպատակով՝ կենտրոնացած Ուկրաինայի եւ ընդհանրապես եվրոպական անվտանգության վրա»,- պարբերականին ասել է բրիտանական բանակի բարձրաստիճան պաշտոնյան։
Le Monde-ն նաեւ հիշեցնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի վերջին հայտարարությունը, որը BBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ Հարցին, թե դա արդյոք կարող է նշանակել ռազմական գործողություններին ֆրանսիական զորքերի մասնակցություն, նա պատասխանել էր, որ Փարիզը «չի բացառում որեւէ տարբերակ»:
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ինտենսիվ եւ այնքան երկար, որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ, որովհետեւ վտանգված է մեր անվտանգությունը: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»,- ասել է Բարոն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Le Monde-ի հրապարակումը, ասել է, որ Կրեմլում չգիտեն, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սակայն միեւնույն ժամանակ նշել էր, որ եվրոպական երկրները «այս փուլում» կոնսենսուս չունեն զորք ուղարկելու հարցում։ Գրեթե միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը Ուկրաինայում ստորաբաժանումներ տեղակայելու ծրագրեր չունի։ Սակայն մայիսին Մակրոնը կրկին ենթադրություն հայտնեց, որ արեւմտյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա։
«Եթե ռուսները ճեղքեին առաջնագիծը, եթե Ուկրաինայից խնդրանք լիներ, ինչն այսօր այդպես չէ, մենք օրինական կերպով պետք է ինքներս մեզ այս հարցը տանք [զորք ուղարկելու մասին]։ Ուստի կարծում եմ, որ սա ապրիորի բացառելը նշանակում է դասեր չքաղել վերջին երկու տարուց»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։