ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի ամենահավանական թեկնածուն ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության տնօրեն, Կանադայում նախկին դեսպան Ալեքսանդր Դարչիեւն է։ Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։
Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորելու համար Դարչիեւի թեկնածության մասին ավելի վաղ գրել էր «Ведомости»-ն։
Ռուսաստանի արտգործնախարարությունից էլ РБК-ին հայտնել են, որ Մոսկվան վաղուց է կողմնորոշվել ԱՄՆ-ում նոր դեսպանի հարցում, սակայն «օրենսդրական սահմանափակումների» պատճառով նախարարությունը հրապարակայնորեն չի մեկնաբանում այս գործընթացը։
Դեսպաններին նշանակում է Ռուսաստանի նախագահը։ Նոյեմբերի 20-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «թեկնածությունն իսկապես ընտրված է, եւ այժմ իրականացվում են այդ կապակցությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը՝ թեկնածությունը հաստատելու, հրամանագրի պատրաստման համար»։
Ալեքսանդր Դարչիեւը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի է անցել 1992 թվականին։ 1990-ականների կեսերին նա նշանակվել է արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության բաժնի պետ, իսկ 2003 թվականին՝ վարչության փոխտնօրեն։
2005-2010 թվականներին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը Դարչիեւը նշանակվել է խորհրդական-բանագնաց, իսկ 2014-2021 թվականներին՝ Կանադայում Ռուսաստանի դեսպան։
ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Անտոնովն իր աշխատանքն ավարտել է 2024 թվականի հոկտեմբերին։ Անտոնովը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը ղեկավարում էր 2017 թվականի օգոստոսից։