Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում կրկին ընտրվել է Շալվա Պապուաշվիլին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել «Վրացական երազանք» կուսակցության 88 պատգամավոր։ Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել են միայն իշխանական կուսակցության պատգամավորները։
Նիստի շրջանակում ստեղծվել է միասնական խմբակցություն՝ կրկին «Վրացական երազանք» անվանումով։ Այն կունենա 80 անդամ, որը կգլխավորի Մամուկա Մդինարաձեն, իսկ փոխնախագահներ կլինեն Ռիմա Բերիձեն, Իրմա Զավրադաշվիլին, Գրետա Ցիցավան, Դավիդ Կոդուան, Էդիշեր Տոլորայան եւ Նոդար Տուրձելաձեն։
Որոշ իրավաբաններ եւ ընդդիմադիրներ կարծում են, որ մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների հետ կապված հայցի քննության ավարտը պատգամավորների լիազորությունների ճանաչումն անօրինական է։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածում ասվում է, որ «այն անձի ազգանունը, որի՝ պատգամավոր ընտրվելու օրինականությունը բողոքարկվում է Վրաստանի Սահմանադրական դատարանում կամ Վրաստանի Գլխավոր դատարանում, չի ներառվում պատգամավորների լիազորությունները ճանաչող խորհրդարանի որոշման մեջ»։
Երկրի արեւմտյան գործընկերները չշնորհավորեցին «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր կեղծիքները եւ սպասելով, մասնավորապես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցին։