Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Այդ մասին գրում է հնդկական Ani news-ը։
Լրատվականը նշում է, որ «Պինակաների» մատակարարումը Հայաստան սկսվել է «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի մատակարարման հետ գրեթե նույն ժամանակահատվածում։
Ani news-ի աղբյուրների հաղորդմամբ՝ մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը կնքվել է երկու տարի տեւած բանակցություններից հետո։ Նշվում է նաեւ, որ Հայաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հնդկական զենքի երեք խոշորագույն գնորդներից մեկն է։
«Պինակայի» խոցելիությունը հասնում է առավելագույնը մինչեւ 80 կիլոմետրի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան է առաքվել հնդկական «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը։ Հնդկական The New Indian Express պարբերականը նշում է, որ Երեւանն ու Դելին շուրջ 6000 ռուպի քուրոր արժողությամբ (շուրջ 710 մլն դոլար) 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը կնքել էին 2022 թվականին։
Նշենք նաեւ, որ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նշել էր, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են հրապարակվել ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաեւ դրանց շուրջ տեղ գտած բանակցությունների մանրամասների մասին տեղեկւթյուններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։