2024 թվականը, ի թիվս այլ իրադարձությունների, պատմության մեջ կմնա որպես Իրանի եւ Իսրայելի առաջին ուղիղ ռազմական բախման տարի։ Ապրիլին Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության հրթիռակոծությանը ի պատասխան Իրանը մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակել էր մոտ 150 հրթիռ եւ շուրջ 170 անօդաչու թռչող սարք։ Իսկ արդեն հոկտեմբերի սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արձակեց 200 բալիստիկ հրթիռ, ինչը հետագայում հայտարարվեց որպես պատասխան Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի եւ Լիբանանում իրանական բանակի բրիգադային գեներալ եւ ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին։ Երկու դեպքում էլ Թեհրանը հայտարարեց թիրախների 90%-ի ոչնչացման մասին։
Արդեն հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց «շարունակական հարձակումներին» ի պատասխան Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն էլ ավելի ուշ հայտարարեցին Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված օբյեկտների թիրախավորման եւ ռմբակոծության հետեւանքով ունեցած չորս զոհի մասին։
Հարց է առաջանում, թե ինչու երեք երկրներով բաժանված եւ բավականին մեծ հեռավորության վրա գտնվող երկու երկրները գնացին ուղիղ բախման ճանապարհով: Արդյոք այս թշնամանքը միշտ է ուղեկցել Իսրայելին եւ Իրանին: Ինչ հանգամանքներ են ազդել այդ թշնամանքի ձեւավորման վրա։
Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է հետ նայել եւ դիտարկել, թե ինչ տեսք են ունեցել միջպետական հարաբերությունները։ Սկսենք Իսրայել պետության կազմավորման գործընթացից եւ դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշումներից։
Հրեական պետության անընդունելիությունից մինչեւ Իսրայելի ճանաչում։ Դեռ 1947 թվականին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Նասր-Ալլահ Էնթեզամը ներգրավվել էր Մեծ Բրիտանիայի հովանավորության ներքո գտնվող Պաղեստինում իրավիճակը գնահատող հատուկ հանձնաժողովի կազմում: Երբ այդ հանձնաժողովը մշակել էր Պաղեստինը հրեական եւ արաբական պետությունների բաժանելու ծրագիրը, Իրանի ներկայացուցիչը դեմ էր քվեարկել դրան եւ այլընտրանքային համարվող դաշնային համակարգի ձեւավորման ծրագրին: Արդեն 1947 թվականի նոյեմբերի 29-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունեց Պաղեստինը բաժանելու մասին թիվ 181 բանաձեւը, Իրանը այլ մուսուլմանական երկրների հետ կրկին դեմ քվեարկեց դրան, իսկ հաջորդ տարվա՝ 1948 թվականի մայիսին, որպես մուսուլմանական բլոկի մաս, դեմ արտահայտվեց Իսրայել պետության ստեղծմանն ու ՄԱԿ-ին անդամակցությանը։
Նույն տարում Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը եւ Իրաքը հայտարարեցին Պաղեստինում «բնակչության սպանությունները դադարեցնելու եւ կարգուկանոնը վերականգնելու նպատակով» իրենց բանակներն այնտեղ ուղարկելու մասին։ Սրանով սկսվեց առաջին արաբ-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իրանը իր աջակցությունը հայտնեց արաբական երկրներին, սակայն չցանկացավ ներքաշվել ռազմական գործողություններում։
Չնայած այս ամենին՝ այդ ժամանակաշրջանում շիա հոգեւորականները այաթոլլահ Աբուլ Քասեմ Քաշանիի ղեկավարությամբ Իրանում սկսել էին ձեռնարկել կամավորների հավաքագրման գործընթաց՝ իսրայելական ճակատներում կռվող մուսուլմաններին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Առավել ակտիվ էր գործում հատկապես հայտնի հոգեւորական Նավվաբ Սաֆավի հիմնադրած «Ֆեդայանե Էսլամ» (Իսլամի նվիրյալներ) շիայական կազմավորումը։ Այն ակտիվորեն սկսել էր շրջանառել Պաղեստին կամավորագրվածների ուղարկելու հորդոր-գրություններ, որոնցից մեկում, օրինակ, ասվում էր հետեւյալը․ «Հաղթանակը Ալլահից է, եւ նվաճումը մոտ է» [Ղուրան 61։ 13]։ Ուղղափառ իսլամի ֆիդայիների մաքուր արյունը եռում է Պաղեստինի մուսուլման եղբայրների աջակցության համար։ Ուղղափառ իսլամի հինգ հազար ֆիդայիներ պատրաստ են օգնելու պաղեստինցի եղբայրներին եւ Իրանի կառավարությունից շտապ կարգով թույլտվություն են խնդրում արագ կերպով Պաղեստին տեղափոխվելու համար եւ սպասում են կառավարության շուտափույթ արձագանքին»։
Իրանի շահական կառավարությունն այդ ժամանակ Իսրայելի դեմ ընթացող պատերազմին մասնակցելու թույլտվություն այդպես էլ չէր տվել կամավորներին՝ զգուշանալով ռազմական գործողություններին ուղղակի մասնակցելու հավանականությունից, սակայն նման ակտիվությունը ցույց տվեց, որ Իրանի հասարակությունը, հատկապես հոգեւորական դասն ու առավել կրոնական տրամադրություն ունեցող շերտը, Պաղեստինը ընկալում էին որպես «իսլամի հող», իսկ հրեական պետությունը՝ «անընդունելի օկուպացիա»։ Այս հանգամանքը ազդեցություն էր ունեցել նաեւ Իրանում բնակվող հրեաների նկատմամբ խտրական տրամադրությունների աճի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր հրեական համայնքի արտագաղթին։
Սակայն երկրների հարաբերությունների մակարդակը սկսեց փոխվել, երբ Իսրայել պետության ստեղծումն արդեն կատարված փաստ էր։ Իրանի շահական իշխանությունները սկսեցին հրեական պետության հետ կապեր հաստատել նախ ԱՄՆ-ի միջոցով, ապա նաեւ ՄԱԿ-ի շրջանակում։ Ավելին՝ Իսրայելի ճանաչման հարցը անգամ դարձել էր Մոհամմեդ Ռեզա Փահլավիի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ քննարկումների թեմաներից մեկը։
Իրանի՝ հրեական պետության հետ հարաբերություններ ձեւավորելու համար շարժիչ ուժ էր եղել Թուրքիայի կողմից Իսրայելի ճանաչումը։ Մուսուլմանական աշխարհում այդ ժամանակ սա եղավ նախադեպ, ինչը Թեհրանի համար մուսուլմանական աշխարհում սեփական հեղինակության փլուզման վախերից ձերբազատվելու համար հիմք դարձավ։
1950 թվականի մարտի 6-ին Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչեց Իսրայելը առանց պաշտոնական հայտարարության։ Դա տեղի ունեցավ խորհրդարանի՝ Մեջլիսի ձմեռային արձակուրդի օրերին՝ ավելորդ հակասություններից ու վեճերից խուսափելու համար։ Արդեն մարտի 7-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Նասր-Ալլահ Էնթեզամը Իսրայելի մշտական ներկայացուցիչ Աբբա Էբանին հայտնեց այդ մասին։ Նույն տարվա մարտի 26-ին էլ Իրանի հատուկ բանագնաց Ռեզա Սաֆինիան իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի այն ժամանակվա նախագահին՝ Խայիմ Վեյցմանին, և ուղիղ երեք ամիս անց նա դարձավ առաջին դիվանագետը, որի պատվին պաշտոնական ընդունելություն կազմակերպվեց Երուսաղեմում։ Սրանից ամիջապես հետո երկրների միջեւ սկսվեց տնտեսական բազմոլորտ համագործակցությունը։ Իրանը սկսեց Իսրայելին նավթ, գազ, տարբեր հանքային հումք, սննդամթերք եւ սպառողական ապրանքներ մատակարարել։
Իրան-Իսրայել համագործակցությունը՝ աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում։ Պետք է նշել, որ Իրանը հարեւան Իրաքի եւ Եգիպտոսի հետ Մերձավոր Արեւելքում Մեծ Բրիտանիայի ռազմական եւ տնտեսական ազդեցության պահպանման սյուներից մեկն էր։ Այս երկրներում ցանկացած քաղաքական վայրիվերում կարող էր լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանում բրիտանական ազդեցության հետագա շարունակման համար։ Դեռ Երկրորդ համաշխարհայինից հետո ձեւավորված այս համակարգը սկսեց փլուզվել, երբ 1951 թվականին Իրանի վարչապետ Մուհամմեդ Մոսադեղը հայտարարեց իրանական նավթարդյունաբերությունը ազգայնացնելու մասին եւ Լոնդոնից պահանջեց դուրս բերել Աբադանի նավթավերամշակման համալիրը պաշտպանող բրիտանական զորքերը: Այս իրադարձություններից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը, չկարողանալով Հաագայի դատարանից ստանալ իր շահերին համապատասխան վճիռ եւ գիտակցելով, որ առանց ԱՄՆ-ի աջակցության ունակ չէ խորհրդային սահմաններին այդքան մոտ շրջաններում ռազմական գործողություններ ձեռնարկելու, հարկադրված էր տեղի տալ եւ հուսալ, որ իր տարածաշրջանային ազդեցությունը կարող է պահպանել գոնե մյուս երկու հենակետերի միջոցով։ Անգլո-իրանական հարաբերություններում ստեղծված այս ծանր իրավիճակը իր ազդեցությունն ունեցավ նաեւ Իրան-Իսրայել քաղաքական հարաբերությունների վրա, որի հետեւանքով Երուսաղեմում Իրանի հյուպատոսությունը փակվեց եւ տեղափոխվեց Հորդանան։ Սա առաջին հերթին այն պատճառով, որ Իսրայելը դիտարկվում էր տարածաշրջանում «իմպերիալիստների շահերը սպասարկող կազմավորում», բացի այդ՝ Մոսադեղի կառավարությունը իր բրիտանական ազդեցության դեմ պայքարի եւ հակաիմպերիալիստական քաղաքականության համար ձգտում էր ստանալու տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը։
Բայց եւ այնպես Մոսադեղի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր չէ չեղարկելու Իսրայելի ճանաչումը, եւ իրանական կողմը այդ տարիներին այդպես էլ չգնաց Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական խզման, եւ տնտեսական շփումները շարունակվեցին նախկինից ոչ պակաս ակտիվությամբ։
Այնուամենայնիվ, տարածաշրջանային զարգացումները Իսրայելին եւ Իրանին կարճ ժամանակ անց դրեցին միեւնույն ռազմաքաղաքական ճամբարում։ Այդ հանգամանքի համար նշանակություն ունեցավ երկու գործոն։ Առաջինը 1952 թվականին Եգիպտոսում համաարաբականության եւ հակագաղութատիրության գաղափարների կրող «երիտասարդ սպաների» ռազմական հեղաշրջումն էր, որի հետեւանքով տապալվել էր թագավոր Ֆուրք ալ-Ավվալը, եւ հաստատվել գեներալ Գամալ Աբդ ալ-Նասերի վարչակազմը՝ ԽՍՀՄ-ի հանդեպ առավել մեծ համակրանքով։ Երկրորդը արդեն Իրանում 1953 թվականի օգոստոսին Մոսադեղի կառավարության տապալումն էր, որի համար գործուն միջամտություն ցուցաբերել էր ԱՄՆ-ն։ Այսինքն՝ երկու դեպքում էլ Մեծ Բրիտանիան դուրս էր մղվել իր տարածաշրջանային ազդեցության հիմնասյուն հանդիսացող երկրներից։ Արդյունքում Լոնդոնին այլ բան չէր մնում, քան ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ մասնակցել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրները ներառող հակախորհրդային ռազմաքաղաքական բլոկի՝ Բաղդադի պակտի ձեւավորմանը, որին Իրանը միացավ 1956 թվականին։ Այս իրադարձություններին զուգահեռ Իսրայելը դարձել էր տարածաշրջանում ԱՄՆ մերձավոր դաշնակիցը։
Այսպես կոչված հակախորհրդային բլոկի անդամակցության տարիներին ամրապնդվեց Թեհրանի եւ Թել Ավիվի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ավելին՝ 1967 թվականին մի կողմից Եգիպտոսի, Սիրիայի եւ Հորդանանի, մյուս կողմից Իսրայելի միջեւ սկսված «Վեցօրյա պատերազմի» ժամանակ Իրանը, չնայած արաբական երկրների բողոքներին, շարունակում էր նավթ մատակարարել հրեական պետությանը։ Նույն գործընթացը շարունակվեց նաեւ 1973 թվականին «Յոմ Կիպուրի» պատերազմի ժամանակ, որի ընթացքում Իրանը նույնիսկ 25 «Phantom» ինքնաթիռ փոխանցեց Իսրայելի պաշտպանության բանակին:
Մերձավոր Արեւելքում Իրանի եւ Իսրայելի համար մեկ այլ ընդհանուր թշնամի դարձավ Իրաքում հաստատված համաարաբականության գաղափարները կրող «Բաասական» ռեժիմը, որը Իրանի պարագայում սկսել էր վերաբացել Շատ ալ-Արաբ գետի եւ ավելի հյուսիս ընկած շրջանում սահմանային հակասությունների հարցերը, իսկ Իսրայելի պարագայում հրաժարվում էր վերջինիս գոյությունը ընդունելուց եւ մյուս արաբական երկրների հետ մասնակցել էր վերջին ռազմական գործողություններին։ Իրանն ու Իսրայելը, որպես հակադրություն այդ ժամանակ դեռ Իրաքի փոխնախագահ Սադամ Հուսեինի վարչակազմին, ստեղծեցին իրաքյան Քուրդիստանում անջատողական պայքար մղող կազմավորումներին աջակցություն ցույց տվող հատուկ ծառայություն։ Բայց այս համագործակցությունը երկար կյանք չունեցավ եւ դադարեց 1975 թվականի մարտին Իրաքի եւ Իրանի միջեւ սահմանային վեճերը կարգավորող համաձայնագրի ստորագրումից հետո։
Փոխարենը երկու երկրները կարողացան կառուցել բավականին լավ առեւտրատնտեսական հարաբերություններ եւ նույնիսկ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս համատեքստում է, որ Իրանը ֆինանսավորել է իսրայելական զինատեսակների տարբեր համակարգերի ստեղծումը, այդ թվում՝ «Արի» («Լավի») կոչվող կործանիչի նախագիծը։ Բացի այդ՝ համատեղ իրականացվեց նաեւ Flower հականավային հրթիռների ստեղծման նախագիծը։ Զուգահեռաբար բավականին սերտ կապեր էին հաստատվել նաեւ Իսրայելի հետախուզական ծառայությունների եւ Իրանի պետական տեղեկատվության եւ անվտանգության ծառայության (ՍԱՎԱԿ) միջեւ։
Հակաիսրայելական տրամադրություններ եւ կրկին թաքնված համագործակցություն։ Չնայած այս ամենին՝ միջպետական բազմոլորտ այս համագործակցություններն իրականացվում էին ոչ պաշտոնական մակարդակով։ Սա այն պատճառով, որ նախ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին որեւէ կերպ չէր ցանկանում փչացնել հարաբերությունները արաբ գործընկերների հետ եւ ձգտում էր տարածաշրջանում Իրանի համար գերակա դիրքեր ապահովելու, եւ ապա իրանական հասարակության ներսում դեռեւս պահպանվում էր Իսրայելի եւ հրեաների հանդեպ հակակրանքը։
Հատկանշական է, որ Իսրայելի հետ հարաբերությունները թաքցնելու նպատակով Իրանի ներկայացուցիչների՝ Իսրայել կատարվող այցերը կազմակերպվում էին Թուրքիայի տարածքով՝ առանց անձնագրերում կնիք դնելու։ «Առանց ամուսնական պայմանագրի սիրային հարաբերությունների» այս ձեւաչափը, ինչպես այն ժամանակ անվանում էր իրանա-իսրայելական հարաբերությունները, նյարդայնացնում էին Իսրայելին։ Սակայն հրեական պետության ներսում լավ հասկանում էին, որ շահը շատ ավելի լավ է, քան Իսրայելի գոյությանը ընդդիմացող ուժերի առկայությունը, չնայած որ Փահլավին նույնպես պետք է դատապարտեր իսրայելական գործողությունները Պաղեստինում եւ արաբ լրագրողներին պատմեր քաղաքականության մոտալուտ փոփոխության մասին:
Ընդգծենք, որ ամբողջ այս ընթացքում շահական ղեկավարության դեմ ակտիվ ընդդիմադիր դիրք էր սկսել զբաղեցնել շիա հոգեւորականությունը։ Շահական իշխանությունների դեմ քննադատություններում հոգեւորականներն ակտիվորեն գործածում էին հակաիսրայելական հռետորաբանությունը: Դրա վառ օրինակներից է 1963 թվականի մարտին Իսլամական հեղափոխության ապագա առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի՝ Ղոմ քաղաքի միություններին գրած հետեւյալ նամակը․
«Իմ կրոնական պարտավորության պատճառով ես սույնով զգուշացնում եմ Իրանի ժողովրդին եւ աշխարհի մուսուլմաններին, որ Սուրբ Ղուրանը եւ իսլամը վտանգի տակ են: Մեր երկրի անկախությունն ու նրա տնտեսությունը սիոնիստների կողմից բռնագրավվելու վտանգի տակ են։ Մուսուլմանների մահացու լռությամբ շատ չի ուշանա, որ նրանք [սիոնիստները] ոչնչացնեն մուսուլման ազգի գոյությունն իր բոլոր առումներով»:
Ավելին՝ Խոմեյնիի այս քարոզներում հակաիսրայելական հռետորաբանությունը մեծ թափ ստացավ նախահեղափոխական շրջանում։ Դրանցում նա մասնավորապես նշում էր, որ «Իսրայելի անկախության ծրագիրը եւ դրա ճանաչումը աղետ էին մուսուլմանների համար եւ իսլամական կառավարությունների գործունեության տապալում», իսկ այդպիսի դեպքում «Երուսաղեմն ազատագրելու միակ ճանապարհը հավատքն է Ալլահին, անձնազոհությունը եւ զինված արշավը մինչեւ Իսրայելի լիակատար ոչնչացում»:
1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո նման հռետորաբանությունը հանգեցրեց կոնկրետ գործողությունների։ Նոր իշխանությունները խզեցին Իսրայելի հետ բոլոր պաշտոնական հարաբերությունները, դադարեցրին համատեղ նախագծերը եւ նույնիսկ չխանգարեցին Թեհրանում Իսրայելի ներկայացուցչության ոչնչացմանը, որն այնուհետ փոխանցվեց «Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը»։ Սկսվեցին հրեական համայնքի հալածանքները։ Ի վերջո դրա մի քանի ղեկավարներ մահապատժի ենթարկվեցին Իսրայելի հետ կապեր ունենալու, «Բարձրյալի թշնամիների» հետ համագործակցության եւ «Ալլահի դեմ պատերազմ մղելու» մեղադրանքով։ Արդյունքում գրեթե հարյուրհազարանոց համայնքից երկրում մնաց ընդամենը 30 հազարը։
Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ձեւավորման սկզբնական շրջանում միջազգային ասպարեզում հակված չէր Իսրայելի դեմ ակտիվ պայքարելու եւ չէր միջամտում պաղեստինյան հակամարտությանը։ Սա գլխավորապես կապվում էր 1980 թվականի սեպտեմբերին Իրանի հետ սահմանի երկայնքով իրաքյան բանակի լայնամասշտաբ հարձակման եւ այդպիսով սկսված պատերազմի հետ, որի պատճառ էին դարձել Իրաքում իսլամական հանրապետություն հաստատելու Խոմեյնիի վարչակազմի ակտիվ քարոզչությունը եւ միջպետական սահմանների շուրջ ունեցած երբեմնի հակասությունները։ Հատկանշական է, որ պատերազմի հանգամանքը, չնայած Իրանում հակաիսրայելական տրամադրություններին, կրկին երկու երկրների համար ընդհանուր հակառակորդ Իրաքի դեմ համագործակցության նոր եզրեր էր ստեղծել, որը, սակայն, իրականացվելու էր միջնորդավորված ձեւաչափով։
Տարբեր են հետազոտողների գնահատականներն այն հարցում, թե իրան-իրաքյան պատերազմի սկզբնական փուլում որքան է կազմել իսրայելական մատակարարումների ընդհանուր ծավալի արժեքը։ Օրինակ, Թել Ավիվի համալսարանի Յաֆեի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, մինչեւ 1983 թվականը Իրանին ուղարկված իսրայելական զենքի ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել էր 500 մլն դոլար, մինչդեռ ամերիկացի լրագրող Սեմյուել Հարշը, հղում կատարելով ԱՄՆ կառավարության ներքին զեկույցներին, գրում է, որ 1980-ականների սկզբին այդ աջակցության արժեքը հասել է մոտ 2 միլիարդ դոլարի։
Առաջին մատակարարումները, որոնք ներառում էին հակատանկային զինատեսակներ, դրանց համար նախատեսված հրթիռներ, հրետանային տարբեր տրամաչափի արկեր եւ տանկերի ու ինքնաթիռների շարժիչների պահեստամասեր, նախապես Իսրայելից արգենտինական ավիաուղիներով ուղարկվում էին Կիպրոսի Լառնակա, ապա՝ այնտեղից Թեհրան։ Սակայն հետագայում մատակարարումներ կազմակերպվեցին նաեւ ծովային ուղիներով՝ եվրոպական երկրների միջնորդությամբ։
Պրոքսի պատերազմները։ Չնայած Իսրայելի հետ այսպիսի թաքնված համագործակցությանը՝ այդ տարիներին Թեհրանը նոր դաշնակցական հարաբերություններ էր սկսել ձեւավորել նաեւ հրեական պետության հետ երկարատեւ ռազմական հակամարտությունների պատմություն ունեցող Սիրիայի Արաբական Հանրապետության հետ։ Ընդ որում՝ Սիրիայում իշխող Բաաս կուսակցության ղեկավարությունը՝ Հաֆեզ ալ-Ասադի գլխավորությամբ, հակասություններ ուներ նաեւ Իրանի թշնամի իրաքյան բաասականների հետ, որը հիմնականում կապված էր համաարաբականության գաղափարների հիման վրա երկրները միավորելու տեսակետների ու հեգեմոն դիրքեր զբաղեցնելու հեռանկարների հետ։ Իրանի եւ Սիրիայի միջեւ դաշինքը պաշտոնականացվեց 1982 թվականի մարտին, երբ սիրիական պատվիրակությունը՝ այն ժամանակվա արտգործնախարար Աբդ ալ-Հալիմ Խադամի գլխավորությամբ, այցելեց Թեհրան եւ մի շարք երկկողմ համաձայնագրեր կնքեց նավթի եւ առեւտրի վերաբերյալ։ Այցի ընթացքում ստորագրվել էր նաեւ ռազմական հարցերի վերաբերյալ գաղտնի պակտ:
Բացի այդ՝ Սիրիայի կառավարական համակարգի բարձր էշելոններում իսլամի շիա ուղղության ալավիական (կամ նուսայրիական) ճյուղին հարող փոքրամասնության ներկայության փաստը Իրանի շիա հոգեւորական ղեկավարությունը (հարող իսլամի շիա ուղղության 12 իմամական ճյուղին) դիտարկում էր որպես Միջերկրականի արեւելյան շրջաններում ազդեցության տարածման եւ Իսրայելին հենց իր սահմանների մոտ զսպելու հիմնական միջոց։
Այս փաստը սկսեց էլ ավելի ընդգծված երեւալ, երբ 1982 թվականի ամռանը Իսրայելը «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» (ՊԱԿ) հենակետերը ոչնչացնելու պատճառաբանությամբ ներխուժեց Լիբանան։ Իրանը այստեղ մեծ ներդրում ունեցավ տեղի շիա բնակչության շրջանում իսրայելական բանակի դեմ դիմադրության կազմակերպման եւ ռազմականացված կազմավորումների ձեւավորման գործում, որոնք հետագայում միավորվեցին «Հեզբոլլահ» կոչվող մեկ կառույցի մեջ։ Նոր ձեւավորված դիմադրության մարտիկների պատրաստության եւ գործողությունների համակարգման համար Իրանը Սիրիայի տարածքով Լիբանան էր ուղարկել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին։ Սա արդեն հստակեցրեց, որ Իրանը ոչ անմիջական, սակայն իրեն ենթակա պրոքսի ուժերով այսուհետեւ պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։
Արդեն 1998 թվականին ակնհայտ դարձավ՝ Իրանը պատրաստվում է գործուն աջակցություն ցուցաբերելու նաեւ Գազայում գործող սունիական ՀԱՄԱՍ շարժմանը, որը եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության պաղեստինյան թեւն էր։ Այդ տարվա մայիսի 2-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում ընդունել էր ՀԱՄԱՍ-ի գաղափարական հիմնադիր շեյխ Ահմադ Յասինին։ Հանդիպման ընթացքում Յասինը հայտարարել էր, որ իր ղեկավարած կառույցը մուսուլմանական երկրների աջակցության կարիքն ունի, որին ի պատասխան Խամենեին ասել էր․ «Մենք չենք ճանաչել եւ չենք ճանաչելու պաղեստինյան հողերում եւ Պաղեստինի երկրում ձեւավորված ուզուրպացնող կառավարությանը՝ նույնիսկ մեկ ժամ: Մենք դիմակայել ենք սիոնիստներին, այդ ուզուրպացնող կառավարությանը եւ այդ քաղցկեղային գոյացությանը, որը նրանք տնկել են իսլամական հողերում, եւ մենք պայքարելու ենք դրա դեմ»:
Սեփական ազդեցությունը տարածաշրջանում ընդարձակելու Իրանի քաղաքականությունը եւս մեծ ակտիվություն ապրեց 2009-2016 թվականներին, ինչը հիմնականում պայմանավորված էր Սիրիայում եւ Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմներով։ Եմենի պարագայում 2000-ականների վերջից սկսել էր ձեւավորվել առաջին ռազմական համագործակցությունը երկրի հյուսիսային շրջանում հասարակական եւ ռազմական մեծ ակտիվություն ծավալած իսլամի շիա ուղղության զեյդիական ճյուղին հարող «Անսար Ալլահ» (կամ ինչպես առավել հայտնի է Հութիների) շարժման հետ։ Սիրիայի դեպքում առաջին պլան էին մղվել միջպետական դաշնակցային հարաբերությունները, որոնց շրջանակներում Թեհրանը մեծ աջակցություն ցուցաբերեց Բաշար ալ-Ասադի կառավարությանը՝ ընդդեմ նրա ռազմականացված ընդդիմության, ապա նաեւ ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարում։ Հենց այս հանգամանքից օգտվելով էլ Թեհրանը սկսել էր ռազմական հենակետերի տեղակայումը դեռ 1967-ի «Վեցօրյա պատերազմի» հետեւանքով Իսրայելի օկուպացրած սիրիական Գոլանի բարձունքների մոտ։
Ամփոփիչ խոսք։ Այսպիսով՝ Իրանի տարածաշրջանային նման ակտիվությունը Իսրայելի համար ոչ այլ ինչ է, քան անվտանգության լուրջ խնդիր, որը շարունակում է ակտիվ մնալ հենց իր սահմանների մոտ՝ Պաղեստինում եւ Սիրիայում։ Այսպիսի անվտանգային խնդիրները լուծելու համար է, որ Իսրայելը երբեմն հարկադրված է լինում ավիացիոն հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում տեղակայված իրանական ռազմական հենակետերին, որոնք գլխավորապես զբաղված են լիբանանյան «Հեզբոլլահի» եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գործողութունները համակարգելով եւ ռազմական մատակարարումների ապահովմամբ։ Այսպիսի իրավիճակում առավել քան տրամաբանական է դառնում Իրսայելի կողմից Իրանի միջուկային ցանկացած ծրագրի դեմ որեւէ հակազդեցություն, որ տարվում է ինչպես միջազգային, այնպես էլ հատուկ ծառայությունների մակարդակով։
Իրանի պարագայում Իսրայելի նկատմամբ դիրքորոշումը, ինչպես վերեւում նշվեց, բխում է առաջին հերթին իսլամական կրոնաիրավական հայեցակարգային այն սկզբունքներից, որոնց համաձայն՝ օկուպացվել է ոչ միայն Պաղեստինի՝ իսլամական երկրի հողը, այլեւ Մեքքայից ու Մեդինայից, շիաների պարագայում նաեւ Նաջաֆից ու Քերբալլայից հետո մեծ սրբավայր համարվող Երուսաղեմը իր Ալ-Աքսա մզկիթով։ Որպես իսլամական հանրապետություն՝ Իրանը պարտավորված է հետեւելու «սիոնիստական օկուպացիան ու ուզուրպացիան» ոչնչացնելու, ինչպես նաեւ «մուսուլմանների ճնշումները դադարեցնելու ուղղությանը»։ Հենց այս հանգամանքն էլ, մի կողմից, Թեհրանին ստիպում է շարունակել ռազմական աջակցությունը Գազայում գործող ՀԱՄԱՍ-ին եւ Լիբանանի «Հեզբոլլահին», մյուս կողմից՝ որեւէ կերպ թույլ չի տալիս հաշտության եզրեր գտնել Իսրայելի հետ, ինչը միեւնույն ժամանակ առավել մեծ ազդեցություն է ապահովում իսլամական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում։ Հենց իսլամական կորնաիրավական այսպիսի սկզբունքներին հետեւելն է նաեւ պատճառ դարձել, որ թե՛ 1990-ականներին եւ թե՛ 2020 թվականին Իրանի բարձր հոգեւրականությունը Արցախյան հարցում ակտիվ քարոզչական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ «Ղարաբաղը իսլամի հող» հայտարարելով եւ այն «վերադարձնելու» համար ռազմական գործողությունները արդարացնելով (որի մասին խոսել եմ այստեղ)։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։