Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շնորհավորանքներից հետո Ալիեւը նշել է, «որ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում»։
Ալիեւը նաեւ նշել է, որ Թրամփն իր նախագահության առաջին շրջանում հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի բարեկամությանն ու համագործակցության ամրապնդմանը, եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Թրամփն էլ ընդգծել է երկրների համագործակցությունը զարգացնելու համար համատեղ աշխատանքի կարեւորությունը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը հաճախ է քննադատություններ հնչեցրել Վաշինգտոնի հասցեին։ Օրինակ՝ հոկտեմբերի 10-ին Ջեբրայիլ կատարած այցի ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետո առաջարկում բարեկամություն անել։
«ԱՄՆ Կոնգրեսի 60 հայամետ անդամներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ Այս առավոտ ես նայեցի այդ կոչը. դա նվաստ կոչ է եւ չի կարող ազդել մեր կամքի վրա: Այնուամենայնիվ, ի՞նչ է դա ցույց տալիս։ Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Նա նաեւ պնդել էր, որ փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ դրա հասցեատերն ու հեղինակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է եղել։
Արդեն COP29-ի շրջանակում Բաքու ուղեւորված ԱՄՆ օրենսդիրների պատվիրակության հետ Ալիեւը հրաժարվել էր կոնգրեսական Ֆրենք Փալոնին ընդունելուց։ Ավելին՝ ամերիկացի կոնգրեսականի իջեւանած հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստներն անգամ պահանջել էին նրան պատասխանատվության ենթարկել եւ հարձակումներ գործել նրա դեմ, ինչի պատճառով Փալոնը հարկադրված էր եղել շտապ հեռանալ Բաքվից։