Վերջին ժամերին Իսրայել-Լիբանան պատերազմի զարգացումները ցույց են տալիս, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար զինադադար հայտարարելն այս պահին ամենանպաստավոր քայլն է:
Ճիշտ է, Իսրայելն ավելի է սաստկացրել Լիբանանի ուղղությամբ իր հարվածները, բայց դա նաեւ ինչ-որ տեղ ցուցանիշ է, որ Թել Ավիվը հիմա շատ ավելի մոտ է հրադադարին, քան երկու շաբաթ առաջ։
Պատերազմի մյուս կողմը՝ Լիբանանը, կտտում է ցավերի տակ, բայց այնտեղից պատերազմող «Հեզբոլլահ»-ը շարունակում է անդրդվելի մնալ՝ Բեյրութի վրա տեղացած հարվածներին պատասխանելով Թել Ավիվի ուղղությամբ գրոհներով: Առնվազն երկու միլիոն իսրայելցիներ ապաստարաններում են՝ սպասելով, որ «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունները դադարեն:
Քաղաքական առումով էլ Իսրայելը հանգիստ չէ: Չնայած Միացյալ Նահանգների անմնացորդ նեցուկին՝ երկրում ներքին խլրտումներ կան, որոնք կարող են մեծ պայթյունի վերածվել, եթե Նեթանյահուն չդադարեցնի կրակը առանց, անշուշտ, «յուղոտ» գործարք կնքելու «Համաս»-ի հետ։
Նեթանյահուի կառավարության առջեւ այսօր երկու հիմնական առանցք կա. առաջինը Իսրայելի հյուսիսային շրջանների անվտանգության ապահովումն է, որից հետո միայն հազարավոր իսրայելցիներ կարող են իրենց տներ վերադառնալ եւ վերաբնակվել այդ շրջաններում:
Իսրայելի մյուս խնդիրը Գազայում մինչեւ հիմա պահվող իսրայելցի գերիների ազատումն է, որ կարող է հաջողվել միայն ու միայն համաձայնության ճանապարհով։
Նեթանյահուն շատ լավ է հասկանում, որ ԱՄՆ-ի, հատկապես նախագահ Բայդենի կողմից իրեն շնորհված անմնացորդ աջակցությունը հավիտենական չէ, եւ դա ճիշտ հաշվարկելով՝ չի բացառվում, որ մտածում է իր տրամադրության ներքո գտնվող կրակներից մեկը մարելու մասին:
Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Իսրայելը կարող է մարել Լիբանանի հետ բացված ճակատի կրակը, որից հետո էլ գործարք կնքել «Համաս»-ի հետ եւ չեզոքացնել ներքին ճակատում իր դեմ աճող ճնշման փորձերը: Այլ խոսքով՝ նա կարող է, մեկ հիմնական քայլ կատարելով, «կոտրել» «մեկ ճակատ» հասկացությունը, ինչի համար էլ «Հեզբոլլահ»-ը ներքաշվել է այս պատերազմում:
Այստեղ նաեւ կարեւոր է ըմբռնել, թե այս ամեն ինչի դիմաց ամերիկացիները ինչ կարող են «նվիրել» Իսրայելին, կամ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբն ընդունելո՞ւ է Նեթանյահուին որպես հիմնական գործակցի։ Նույն ձեւով շարունակվելո՞ւ է ԱՄՆ-ի՝ Իսրայելին տրվող բազմակողմանի նեցուկը, թե՞ ԱՄՆ-ը թելադրելու է խաղի նոր կանոններ:
Այստեղ հիշեցնենք, որ օրերս Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին, նրա կաբինետի արդեն նախկին անդամ՝ պաշտպանության նախարարի պաշտոնից վերջերս հրաժարական տված Յոավ Գալանտին, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյֆին ձերբակալության հրաման տվեց: Այդ հրամանագիրը ոչ միայն աննախադեպ վիճակ ստեղծեց Իսրայելի քաղաքական վերնախավի համար, այլ նաեւ ԱՄՆ-ի համար նոր մտահոգությունների առարկա դարձավ: Ճիշտ է, ԱՄՆ-ը կտրականապես մերժեց այդ որոշումը՝ այն համարելով անարդար, բայց իրականում ԱՄՆ-ի, հատկապես նրա նոր նախագահի եւ վերջինիս վարչախմբի համար այդ որոշումը կարող է բարոյական հարցի վերածվել:
Ակնհայտ է, որ Թրամփը մաքուր ձեռքերով է ուզում մուտք գործել Սպիտակ տուն եւ այդ առումով պարտավոր է հաշվի նստել Գազայում Իսրայելի վարչակազմի գործած անմարդկային վարքի, հազարավոր զոհերի իրողության եւ Պաղեստինյան հարցի հանդեպ Նեթանյահուի ցուցաբերած մոտեցումների հետ։
Բոլորը գիտեն, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության բանալի բառը «Պաղեստինն» է. ԱՄՆ-ի համար կարեւոր թեմա է այդ պետության գոյացումն ու զարգացումը, որը Մերձավոր Արեւելքում կայուն եւ մշտատեւ խաղաղության հասնելու պատուհանն է:
Թեեւ այդպես է, բայց նախագահ Բայդենի իշխանության օրոք, ցավոք, «Պաղեստինյան թղթածրար»-ն ընդհանրապես անտեսվեց: ԱՄՆ-ը «մեկ աչքով» նայեց Երուսաղեմի շուրջ զարգացումներին, անտեսեց Իսրայելի բնակեցման քաղաքականության վտանգները եւ հաշվի չառավ, որ «Համաս»-ը կարող է լուրջ փորձանք դառնալ ոչ միայն Իսրայելի, պաղեստինցիների, այլ նաեւ իր իսկ կերտած քաղաքականության համար, որի ճարտարապետն էր ԱՄՆ նախկին նախագահներից Բիլ Քլինթոնը: Այդ օրերին էր նաեւ, որ ԱՄՆ-ը առաջ քաշեց «երկու պետություն» ընտրանքը, որ մինչ այս պահը բոլոր կողմերի համար շարունակում է հրատապ եւ հիմնարար մնալ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսած «քարաթափից» հետո (երբ «Համաս»-ն իրականացրեց «Ալ Աքսայի հեղեղ» գործողությունը), հիմա արդեն ժամանակն է, որ թափված քարերը հավաքվեն:
Թրամփը խոսում է Ուկրաինայի տագնապի հանգուցալուծման մասին, որ իր տարողությամբ շատ ավելի մեծ է, քան Պաղեստինյան հարցը։
Թրամփը խոսում է Մերձավոր Արեւելքի նոր քաղաքականության մասին:
Թրամփը խոսում է Իրանի հետ մերձեցման մասին եւ, այս ամենի ֆոնին, Լիբանանի ընդհանուր կացությունը մի փոքրիկ մանրամասնություն է թվում: Եվ այսքան բարդ վիճակներում Լիբանանում հրադադար հաստատելու հաջողությունը կարող է համարվել Նեթանյահուի կողմից Թրամփի վարչակարգին արված նվեր, մի պայմանով, որ Իսրայելը ստանա բոլոր այն երաշխիքները, ըստ որոնց՝ երկրի հյուսիսի հազարավոր իսրայելցիներ այլեւս չեն տեղահանվելու:
«Հեզբոլլահ»-ը հոգնության նշաններ է ցույց տալիս, բայց նաեւ հայտարարում է, որ իր գաղափարական ընկալումներում անզիջող է. ընկալումներ, ըստ որոնց՝ նա ազատագրելու է Երուսաղեմը, կերտելու է մեծ Պաղեստին եւ Իսրայելին ընդհանրապես զրկելու է գոյությունից:
Այս լոզունգների համար «Հեզբոլլահ»-ը զոհեց իր քաղաքական վերնախավի հիմնական դեմքերին, ընդհուպ կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահին:
Բայց այս լոզունգներն այսօր ներլիբանանյան մեծ օրակարգում վերաշարադրվելու կարիք ունեն: Խորքային խաղ կա իրանցիների եւ ամերիկացիների միջեւ. թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը չեն ուզում, որ «Հեզբոլլահ»-ն ամբողջապես խաղից դուրս գա, չքանա եւ որպես ռազմական միավոր կորցնի իր ձեռքի տակ եղած հիմնական քարտերը:
Սա արդեն լուրջ հարց է Լիբանանի համար, որի քաղաքական շրջանակները, հասարակությունը եւ նույնիսկ երկրի շիա տարրը հոգնել են այս մոտեցումներից եւ հարց են տալիս՝ ինչի՞ համար էր այս պատերազմը, եթե «Հեզբոլլահ»-ը պիտի շարունակի իր նույն ընթացքը, մի քանի տարի հետո նորից աճի, զորանա ու այս անգամ էլ Լիբանանը մխրճի նոր պատերազմների մեջ:
Այս պատերազմն արդեն սարսափելի կործանել է երկիրը, որի վերականգնումը, պետության ուժեղացումն այս պահին անորոշ են թվում: Բոլորը մտահոգ են, թե ԱՄՆ-Իրան մեծ խաղում ում է հանձնվելու Լիբանան երկրի խնամակալությունը, հոգատարությունը, առանց որոնց անհնար է, որ խառը համակեցությամբ ձեւավորված այդ տարածք-պետությունը կարողանա ապրել ու զարգանալ։
Այսօր այս հարցերի վերաշարադրության վերջին արարն է, եւ Լիբանանի հետ հրադադար կյանքի կոչելու գնդակը նետված է իսրայելյան կողմ:
Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրատարակության, երբ «Ալ Արաբիա» կայանը հաղորդեց առաջիկա ժամերին հայտարարվելիք զինադադարի մասին։ Այն հաստատվելու է ամերիկյան միջնորդությամբ, սակայն պարզ չէ, թե երկու կողմերը որքանով են հաստատուն պահելու երկար սպասված հրադադարը:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։