Իսրայելն ու Լիբանանը ներկայում մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը, որը ներառելու է նաեւ պայմանավորվածությունները շիական «Հեզբոլլահ» շարժման հետ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, որտեղ մոտ ենք [համաձայնության հասնելուն]։ Բայց ուզում եմ [իմ հայտարարություններում] զգույշ եւ կոկիկ լինել [․․․], քանի որ երբ ամեն բան արված չէ, ուրեմն գործարք դեռ չկա»,- ասել է Քիրբին։ Նա նաեւ ասել է, որ բանակցությունների մասին մանրամասներ չի կարող տրամադրել, սակայն նշել է, որ դրանք «շարժվում են շատ դրական ուղղությամբ» եւ ընթանում են կառուցողական։
Սպիտակ տան խոսնակը նաեւ հրաժարվել է մեկնաբանելուց այն տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է ներգրավված լինել գործարքի կնքնման բանակցություններում, եւ որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի առաջնորդը կարող են համաձայնության մասին հայտարարել արդեն նոյեմբերի 26-ին կամ առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Միեւնույն ժամանակ Քիրբին նշել է, որ Բայդենն ու Մակրոնն իսկապես քննարկումներ ունեցել են նախորդ շաբաթ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել են նաեւ «Իսրայելի, Լիբանանի եւ «Հեզբոլլահի» միջեւ հրադադարի մասին»։ «Երբ մենք կարողանանք ինչ-որ բան հայտարարել եւ խոսել դրա մասին, անպայման կանենք դա»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանիել Դանոնը հաստատել էր, որ Իսրայելը գնում է Լիբանանի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնության հասնելու ճանապարհով։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լիբանանը եւ Իսրայելը ԱՄՆ միջնորդությամբ քննարկում են հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է ԱՄՆ-ի գլխավորությամբ վերահսկիչ հանձնաժողովի ստեղծում՝ պայմանագրի իրականացման ընթացքը վերահսկելու եւ խախտումները շտկելու համար։ Վաշինգտոնը նաեւ համաձայնել է Իսրայելին երաշխիքներ տրամադրել՝ աջակցելու ռազմական գործողություններին, որոնք կձեռնարկվեն լիբանանյան տարածքից եկող անմիջական սպառնալիքների դեմ, այդ թվում՝ սահմանի մոտ «Հեզբոլլահի» ռազմական ներկայության վերականգնման կամ զենքի մաքսանենգության դեպքերում: Համաձայն գործարքի պայմանների՝ Իսրայելը կկարողանա ռազմական գործողությունների դիմել ԱՄՆ-ի հետ խորհրդակցելուց հետո եւ այն դեպքում, երբ լիբանանցի զինվորականները չվերացնեն սպառնալիքը։
Բացի այդ՝ նախատեսվում է նաեւ 60-օրյա անցումային շրջան հաստատել, որի ընթացքում իսրայելական բանակը դուրս կգա հարավային Լիբանանից, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանամերձ շրջաններում: Ինչ վերաբերում է «Հեզբոլլահին», ապա շարժումը պարտավորվում է իր ռազմական կազմավորումներն ու ծանր զինատեսակները տեղափոխել Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից 30 կմ հեռավորության վրա։