Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահականում ընդունել է նախօրեին Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Լեհական կողմի փոխանցմամբ՝ նախագահներն առանձնազրույց են անցկացրել, որին կհաջորդի նաեւ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման, ի թիվս այլ հարցերի, լինելու է տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը շարունակվում է, եւ մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի։ Երկու շաբաթ առաջ նախագահը Բաքվում էր՝ COP29 համաժողովին, հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը եւ խաղաղ գործընթացը։ Հիմա եկել է հայկական կողմի հետ խոսելու ժամանակը»,- Վարշավայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։
Նա նաեւ նշել էր, որ Դուդայի այցի ընթացքում կքննարկվեն նաեւ «Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի ագրեսիվ, կայսերական քաղաքականությունը» եւ վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը։
Քննարկման թեմաները վերաբերելու են նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի երկկողմ հարաբերություններին։ Բացի այդ՝ նախագահները կքննարկեն նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ 2025 թվականի հունվարից ԵՄ խորհրդում նախագահությունը Լեհաստանին անցնելու ֆոնին։
«Հունվարից Լեհաստանը սկսում է իր նախագահությունը ԵՄ խորհրդում, եւ բաց դռների քաղաքականությունն ու ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից են։ Հայաստանը չի ձգտում անդամակցելու ԵՄ-ին, սակայն վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցության համար, եւ Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը»,- ասել էր Մեսկո Պավլակը։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալու այնքանով, որքանով ԵՄ-ն հնարավոր կհամարի։
Նշենք նաեւ, որ Լեհաստանի նախագահ Դուդան այսօր նաեւ հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։