Գյումրին առանց քաղաքագլխի է մնացել, իսկ թե երբ կունենա, հայտնի չէ: Քաղաքապետարան կա, քաղաքապետ, անգամ փոխքաղաքապետ չկա: Աշխատակազմն աշխատում է առանց որոշում կայացնողի, փաստաթուղթ ստորագրողի: Շուրջ 40 օր է, ինչ տարբեր հարցերով դիմում ներկայացնող քաղաքացիներին պատասխանող չկա. սոցիալական աջակցություն ստացողներն անհույս սպասում են, քաղաքաշինական թույլտվության սպասողներն էլ պարապուրդի են մատնվում: Ավագանու նիստերի չկայանալու պատճառով էլ բազմաթիվ որոշման նախագծեր հաստատում չեն ստանում:
Ինչո՞ւ քաղաքը մնաց առանց կառավարչի: «Ալիք Մեդիան» անդրադարձել էր խնդրին, տեղեկացրել, որ ամեն ինչ սկսվել էր հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:
Ձերբակալման պատճառը «հին» էր, մեկ անգամ արդեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացված-փակված գործի շրջանակում. Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել էին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը, որը հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեք էր:
Կարճ ժամանակ անց ձերբակալվելու հերթը հասնում է Գյումրու նախկին եւ ներկա փոխքաղաքապետներին: Իսկ երբ հայտնի է դառնում, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել՝ «Սեւ բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հարակից հողերը օտարելու մեղադրանքով, քաղաքում արդեն վստահ էին, որ այս ամենից «իշխանափոխության հոտ է գալիս»: Չսխալվեցին. այդպես էլ եղավ: Քաղաքի կառավարումից հրաժարվեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր թիմով, «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներն էլ վայր դրեցին մանդատները:
Բալասանյանականները հեռացան լուռ, առանց բառ ասելու եւ հեռանալու պատճառները բացատրելու: Նրանցից այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ հեռանալը ճնշմա՞ն հետեւանքով էր, թե՞ վիրավորանքի, ինչն էլ քաղաքում առիթ տվեց ենթադրելու, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը. Գյումրիում վստահ են՝ սա պարզապես գործարք էր:
Համառորեն լռող, հեռացող թիմը խոստացել էր գոնե հայտարարությամբ հանդես գալ, իր ընտրողին բացատրություն տալ, բայց խոստացած հայտարարությունն այդպես էլ չեղավ:
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ Գյումրիում քաղաքային իշխանությունը վերցնել: ՔՊ-ն երեք մանդատով զիջեց «Բալասանյան դաշինքին», ինչին հաջորդեց համաձայնագրի կնքումը վերը նշված երկու քաղաքական ուժերի միջեւ:
Ինչպես եւ կանխատեսելի էր, համաձայնագիրը երկար կյանք չունեցավ, ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» ջրերը մեկ առվով չհոսեցին: Ի վերջո քաղաքի ղեկավարումը՝ կրկին միանձնյա, բալասանյանականներին էր հանձնվել, մինչեւ նրանց հրաժարականը:
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բալասանյանականների արարքն «անպատասխանատվության բացառիկ դրսեւորում» որակեց, հերքեց խոսակցությունները, թե Կառավարությունը որեւէ մեկին որեւէ ձեւով ճնշել է, ստիպել, որ որեւէ գործողություն անի կամ չանի: Նա նաեւ ասաց, որ Գյումրիում հրատապ հարցերը լուծում են ստանում Կառավարության ջանքերով. օրինակ՝ քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատավարձի հարցը լուծվեց, որն անհնարին էր դարձել քաղաքագլխի կամ նրա առաջին տեղակալի բացակայության պատճառով: «Իսկ ավելի ընդհանրական՝ խնդրի լուծումը ընտրությունների ճանապարհով է լինելու: Բայց իրավական առումով դրա հետ էլ խնդիր կա, եւ որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան: Մեծ հաշվով, մեր խնդիրն այն է, որ պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ ինքն իր քաղաքապետին ընտրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարականներին նախորդեց ձերբակալությունների եւ քրեական գործերի շարք, վարչապետը պատասխանել է. «Կառավարությունը որեւէ կերպ կապ չունի դրա հետ. կա փաստ՝ կլինի եւ պե՛տք է լինի քրեական գործ»:
Մինչեւ Կառավարությունում օրենսդրական փոփոխություններ կանեն, ընտրությունների օր կորոշեն, քաղաքապետրի աթոռի համար տարբեր մարդկանց թեկնածություն առաջադրելու խոսակցություններ տարածվեցին, շրջանառվեցին հին ու նոր անուններ: Ըստ խոսակցությունների՝ կրկին քաղաքապետ դառնալու ցանկություն էր հայտնել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մեկ այլ՝ Դոկ մականվամբ Վարդան Ղուկասյանի կուսակցության անունն էլ է հնչում քաղաքում: Շրջանառվում էր նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի անունը, որը հայտնի է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ:
ՔՊ-ից բաց հայտարարեցին, որ իրենց թեկնածուն ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Սակայն այստեղ էլ հստակություն չկար: Ըստ Կարեն Սարուխանյանի՝ իր դեմ արշավ է սկսվել, արել են ամեն բան, որ սեւացնեն իր անունը եւ ստեղծեն իրավիճակ, երբ քաղաքապետի ՔՊ թեկնածուն փոփոխման ենթակա կլինի: «Այդ ամենն արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթեւ ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է,- ասել է նա եւ հավելել,- այդ ողջ ընթացքում ես զբաղված էի Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատավարձերի բաշխման, քաղաքի կոմունալ աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար կատարվող աշխատանքների ընթացքը ապահովելու գործընթացով, բայց որոշ արկածախնդիրներ, բացարձակ թքած ունենալով քաղաքում ստեղծված կառավարման ճգնաժամի վրա, շարունակում էին վարչապետի առաջարկած թեկնածուին վարկաբեկելուն ուղղված կեղտոտ գործը»։
Սարուխանյանը վստահեցրել է, որ պատրաստ է ցանկացած թեստ հանձնելու` ապացուցելու համար, որ ինքը «նման բաների մեջ չկա», եւ իր անունը վարկաբեկողները դա անում են հատուկ սցենարով, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, որ իբր թեկնածուն վարկաբեկված է, եւ փոփոխման կարիք կա։
Նշենք, որ ՔՊ կուսակցության վարչության փակ նիստից լուր էր տարածվել, որ Սարուխանյանի արյան մեջ թմրանյութ լինելու թեստի պատասխանը դրական է: Ի պատասխան դրա՝ Սարուխանյանը հրապարակել է թեստի արդյունքը, որտեղ երեւում է 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող է հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն որպես քնաբեր կամ հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ։
«Մի բան հստակ է, 19 նյութերի բացասական լինելով՝ 1 դրականը եւ հստակ հիմնավորումը թույլ չպետք է տար անմարդկային քայլով վարկաբեկել ինձ։ Այն անբարո սուտը, որը տարածում են որոշ ընդդիմադիրներ, իրենց «քաղաքապետացուներ» համարող ինքնակոչներ, սեւ զգեստ հագած սրբի դեմքով սատանաներ եւ պատվեր կատարող լրատվականներ, չի համապատասխանում իրականությանը։ Ասեմ ավելին, որ ցանկացած լաբորատորիա այս բացվածքով նման թեստ չի կարող անել, սա խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում, վստահ եմ ՝ բժիշկները կհաստատեն»,- ասել է Սարուխանյանը։
Նշենք, որ վերը նշված խոսակցություններից հետո Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը լրատվամիջոցներով հայտարարել էր, թե Կարեն Սարուխանյանի մասին ամբողջ Գյումրին խոսել է մինչ այդ, կխոսի նաեւ դրանից հետո, իսկ մնացածը թող բժշկական քննություն իրականացնողները հերքեն կամ հաստատեն։ «Բայց որ ինքը ողջ Գյումրիում հայտնի է որպես այդպիսին, դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հայտնի բան է»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը, որը հայտնի է քաղաքական ընդդիմադիր հայացքներով եւ «Սրբազան շարժման» ակտիվ մասնակիցներից է։
Թե երբ կնշանակվեն ՏԻՄ արտահերթ ընտրությունները, կփոխվեն քաղաքապետի թեկնածուների անունները, դեռ հայտնի չէ, բայց որ Գյումրիում շարքային քաղաքացին այնքան էլ չի զգում առաջնորդների բացակայությունը, տեսանելի է բոլորին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։