Ուկրաինայում ռուսական ագրեսիվ պատերազմը իր հետեւանքներն է թողնում նաեւ Կովկասում տիրող իրավիճակի վրա, քանի դեռ Ռուսաստանը փորձում է գերակայություն ունենալ այլ ազգերի վրա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երեւանում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային՝ Դուդան նշել է, որ նախագահ Խաչատուրյանին հարցրել է, թե արդյոք նա «հնարավորություններ տեսնում է Լեհաստանի, իսկ ավելի լայնորեն՝ միջազգային հանրության համար՝ է՛լ ավելի ներգրավվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս վիճելի հարցերի լուծման գործում»։
Լեհաստանի նախագահը նաեւ նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ խոսել է վերջերս COP29-ի շրջանակում Բաքու կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Մենք ցանկանում ենք, որ մեծ պատմություն ունեցող այս ժողովուրդները՝ առաջին հերթին հայերը, կարողանան խաղաղությամբ ապրել այստեղ՝ աշխարհի իրենց ավանդական տարածաշրջանում, Եվրոպայի իրենց ավանդական տարածաշրջանում, այդ թվում Կովկասում՝ ինչպես ազատ ժողովուրդներ, ունենալով իրենց ինքնիշխան պետությունը՝ կայուն սահմաններով եւ կայուն իրավիճակով։ Կարծում ենք, որ սա նաեւ մեծ ազդեցություն կունենա ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Եվ եթե այստեղ՝ այս իրավիճակը կայունացնելուն աջակցելու համար մեր կարիքը լինի, ապա պատրաստ ենք ցանկացած պահի գտնելու խաղաղ լուծում եւ համաձայության համար հնարավորություն»,- ասել է Դուդան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Դուդայի Երեւան այցից առաջ, Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Հայաստանում քննարկումները վերաբերելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։
«Երկու շաբաթ առաջ նախագահը Բաքվում էր՝ COP29 համաժողովին, հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը եւ խաղաղ գործընթացը։ Հիմա եկել է հայկական կողմի հետ խոսելու ժամանակը»,- ասել էր Պավլակը։
Նշենք նաեւ, որ Լեհաստանի նախագահ Դուդան այսօր նաեւ հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։