Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին իսրայելական հարվածի պատասխանն արդեն ծրագրված է, եւ այն «աներեւակայելի» կլինի Իսրայելի կառավարության համար։ Այդ մասին նա հայտարարել է երկրի զինված ուժերի Գերագույն խորհրդում։
«Ինչպես նախորդ երկու գործողությունները տարբերվում էին իրենց ձեւով եւ օգտագործված զենքերով, այնպես էլ Իսրայելի վերջին ագրեսիային պատասխանը նախատեսված է այնպես, որ խոցի [իսրայելական] ռեժիմի ղեկավարների երեւակայությունը»,- Բաղերի խոսքերը մեջբերում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությունը։
Ինչպես նշել է Բաղերին, Իսրայելը «հատել է Իրանի կարմիր գծերը»՝ հարվածներ հասցնելով երկրի տարածքին, եւ դրան Իսլամական Հանրապետության պատասխանը չի ուշանա, «որը կստիպի ագրեսորներին ապաշխարել»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել էր, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։
Այնուամենայնիվ, հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։