Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է, որ կարեւորում է Լեհաստանի նախագահի այցը Հայաստան՝ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով։
«Կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը, ցավոք, չեմ կարող ասել, թե մեծապես օգտագործված է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Դուդան էլ, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր նախագահության շուրջ 9, 5 տարիների ընթացքում երբեք այսպիսին չեն եղել Երեւանի եւ Վարշավայի հարաբերությունները։
ՀՀ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Դուդան եւ Փաշինյանը կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ու Լեհաստանի նախագահը առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:
Հաղորդվում է նաեւ, որ կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: «Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաեւ ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը»,- ասվում է Կառավարության պաշտոնական հաղորդագրության տեքստում:
Նաեւ նշվում է, որ Փաշինյանը Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Անջեյ Դուդան հանդիպում էր ունեցել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսում Լեհաստանի նախագահը հայտարարել էր, որ Վարշավան պատրաստ է ցանկացած պահի օգնելու Երեւանին եւ Բաքվին՝ գտնելու խաղաղ լուծում եւ փոխհամաձայնության հնարավորություն։