Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում հայտարարել է, որ որոշել է Լիբանանում հրադադարի հաստատման ծրագիրը ներկայացնել երկրի ռազմաքաղաքական կաբինետի քննարկմանը։ Նրա խոսքերով` հրադադարի ժամկետները կորոշեն իրադարձությունների զարգացումները, իսկ Իսրայելն իրեն իրավունք կվերապահի գործելու լիակատար ազատությամբ, եթե «Հեզբոլլահի» կազմավորումները կրկին հարձակումներ իրականացնեն:
«Այսօր երեկոյան ես նախարարների կաբինետին կներկայացնեմ Լիբանանում հրադադարի մասին ծրագիրը: Հրադադարի տեւողությունը կախված է Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններից: Մենք խստորեն պահպանելու ենք պայմանավորվածությունները եւ խստորեն արձագանքելու ենք ցանկացած խախտման։ Մենք կշարունակենք գործել մինչեւ լիակատար հաղթանակ: Մենք ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ կպահպանենք ռազմական գործողությունների դիմելու լիակատար ազատությունը։ Եթե «Հեզբոլլահը» խախտի համաձայնագիրը եւ փորձի զինվել, մենք կհարվածենք, եթե «Հեզբոլլահը» մեր սահմանների մոտ ահաբեկչական գործունեությունը վերսկսի, ենթակառուցվածքներ կառուցի կամ հրթիռարձակի, մենք կհարվածենք»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Հրադադարին հիմա համաձայնություն տալու որոշման համար Նեթանյահուն ներկայացրել է երեք հիմնական նկատառում` «կենտրոնացում իրանական սպառնալիքի վրա, սպառազինության համալրում ու ուժերի վերականգնում եւ ՀԱՄԱՍ-ի մեկուսացում»։
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ «Հեզբոլլահի» դեմ ռազմական արշավի ընթացքում Իսրայելին հաջողվել է «տասնամյակներ հետ շպրտել» շիական կազմակերպության ռազմական ներուժը։ Նեթանյահուն նաեւ թվարկել է այն ռազմական հաջողությունները, որոնց Իսրայելի պաշտպանության բանակը կարողացել է հասնել Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ՝ մասնավորապես նշելով, որ զինվորականներին հաջողվել է «ոչնչացնել [«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան] Նասրալլահին, կազմակերպության ղեկավարներին, նրանց սպառազինության մեծ մասը, հազարավոր գրոհայինների եւ առանցքային ենթակառուցվածքներ»։
«Շատերը կասկածի տակ էին դնում մեր վճռականությանը, բայց ես հիշեցնում եմ ձեզ. մենք արդեն ապացուցել ենք մեր ուժն ու գործին նվիրվածությունը։ Ինչպես ասել եմ, լավ համաձայնագիրն այն է, որը պահպանվում է: Մենք պահպանելու ենք այն»,- հայտարարել է Նեթանյահուն։
Դիմելով իսրայելցիներին՝ նա խոստացել է, որ երկրի իշխանությունները «կավարտեն ՀԱՄԱՍ-ի լիկվիդացումը»։
«Մենք կվերադարձնենք մեր բոլոր պատանդներին, կապահովենք, որ Գազայի հատվածն այլեւս երբեք չսպառնա Իսրայելին, եւ կապահովենք, որ հյուսիսային շրջանների բնակիչները ապահով վերադառնան իրենց տներ։ Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասել դրա բոլոր նպատակներին, ներառյալ հյուսիսի բնակիչներին իրենց տներ ապահով հասցնելը: Եվ ես ուզում եմ ձեզ ասել. դա տեղի կունենա այնպես, ինչպես եղավ հարավում»,-վստահեցրել է Նեթանյահուն։
Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։