Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ հրադադարը ուժի մեջ կմտնի այսօր՝ նոյեմբերի 27-ին: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Համաձայնագիրը, որը ճանապարհ է հարթում հակամարտությունը դադարեցնելու համար, որը հազարավոր կյանքեր է խլել նախորդ տարի Գազայում պատերազմի սկսվելուց հետո, նպատակ ունի ընդմիշտ դադարեցնելու ռազմական գործողությունները, ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի ելույթից առաջ Իսրայելի Անվտանգության խորհուրդը 10 կողմ, 1 դեմ ձայներով հաստատել էր հրադադարի մասին համաձայնագիրը, որի ընթացքում զեկուցվել էր նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի բանակցությունների մասին: Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի սահմանի երկայնքով մարտերը կավարտվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ին։
«Սա պետք է լինի ռազմական գործողությունների մշտական դադարեցում։ «Հեզբոլլահի» եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների մնացորդներին այլեւս թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Իսրայելն իր բանակը Լիբանանից աստիճանաբար դուրս կբերի 60 օրվա ընթացքում, իսկ լիբանանյան բանակը վերահսկողության տակ կվերցնի Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող տարածքները, «որպեսզի «Հեզբոլլահը» չկարողանա վերականգնել իր ենթակառուցվածքներն այդ տարածքում»:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը զորքեր չի տեղակայի հարավային Լիբանանում, բայց Ֆրանսիայի և այլ երկրների հետ «անհրաժեշտ օգնություն կտրամադրի» հակամարտության կողմերին հրադադարի պահպանման համար։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ «երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան ապահով վերադառնալ իրենց համայնքները»:
Բացի այդ՝ Ջո Բայդենը նաեւ նշել է, որ իր վարչակազմն այժմ ջանքեր է գործադրում նաեւ Գազայում մշտական հրադադար հաստատելու ուղղությամբ՝ նշելով, որ «առաջիկա օրերին Միացյալ Նահանգները Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և այլ երկրների հետ Գազայում հրադադարի հասնելու հերթական փորձը կձեռնարկի»։
Իր խոսքում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ապագայում կկարգավորվեն նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հարաբերությունները։