Ռուսաստանը հարգում է ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի անկախ ուղղությունը։ Այնուամենայնիվ, Երեւանը շարունակում է անդամակցել կազմակերպությանը, եւ ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները «բաց են» նրա համար, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների՝ իրենց ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը։ Դե յուրե, Երեւանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ եւ այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի համար դռները բաց են ֆիզիկապես ՀԱՊԿ-ում աշխատանքի վերադառնալու համար, եւ մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Ուշակովը նաեւ նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին։
ՌԴ նախագահի օգնականը նաեւ տեղեկացրել է, որ չնայած ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, այնուամենայնիվ, դեկտեմբերի 25-ին դրա բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երեւանի փոխարեն, հայկական կողմի խնդրանքով, կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, որը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, օրերս ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատասխանելով Աստանայում սպասվող ՀԱՊԿ հավաքին հայկական կողմի մասնակցության մասին հարցին, հայտարարել էր թե Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, իրական այլընտրանք չկա։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։