Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի միջնորդներին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու պատրաստակամության մասին։ Այդ մասին Agence France-Presse-ին (AFP) հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ:
«Մենք Եգիպտոսում, Կատարում եւ Թուրքիայում միջնորդներին տեղեկացրել ենք, որ ՀԱՄԱՍ-ը [Իսրայելի հետ] պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի եւ գերիների փոխանակման լուրջ համաձայնագրի»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել էր հրեական պետության հետ զինադադար կնքելու շարժման բուն մտադրության մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ նոյեմբերի 26-ին, Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատեց Լիբանանում «Հեզբոլլահ» շիական շարժման հետ հրադադարի ծրագիրը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով Լիբանանում հրադադարի հաստատման մասին, հայտնել էր, որ այն ենթադրում է 60 օրվա ընթացքում արաբական հանրապետության տարածքից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում եւ Իսրայելի հետ միջպետական սահմանի երկայնքով լիբանանյան բանակի տեղակայում։
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով Գազայում իսրայելական ռմբակոծությունների պատճառով սպանվածների թիվը հասնում է 44 հազարի։
Հակամարտության մեկնարկից կարճ ժամանակ անց լիբանանյան «Հեզբոլլահն» էլ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, սկսեց ռմբակոծել Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաները։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։