ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հուսալով, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի հարաբերություններին նոր խթան հաղորդելը կնվազեցնի զինված հակամարտության ռիսկերը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Դեռեւս անհասկանալի է մնում, թե ինչ արդյունքների կբերեն դիվանագիտական այդ ջանքերը։ Գործակալության պնդմամբ Հյուսիսային Կորեան անտեսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու կոչերը, քանի որ Կիմ Չեն Ընը այժմ «ոգեշնչված» է Ռուսաստանի հետ շատ ավելի սերտ հարաբերություններով։
Թրամփի նախնական նպատակը կարող է լինել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հիմնական կապերի վերականգնումը, սակայն, ինչպես նշում են Reuters-ի զրուցակիցները, հետագա քաղաքական նպատակները որոշված չեն։ Միեւնույն ժամանակ խնդիրը կարող է հետին պլան մղվել ավելի հրատապ արտաքին քաղաքականության հարցերի համատեքստում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի պատերազմները:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նորընտիր նախագահը Ալեքս Վոնգի թեկնածությունն առաջադրեց ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնում։ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Վոնգը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։ Նա նշել է, որ Վոնգը օգնել է կազմակերպելու իր եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարեց որ իր գնահատմամբ Կիմ Չեն Ընը ցանկանում է իր հաղթանակը ընտրություններում։
«Երբ վերադառնանք Սպիտակ տուն, ես կարող եմ նրա հետ լեզու գտնել: Նա կցանկանար, որ ես վերադառնամ։ Կարծում եմ, որ նա կարոտում է ինձ»,- հայտարարել էր Թրամփը։
Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները հանդիպել են երեք անգամ։ Առաջին հանդիպումը կայացել է Սինգապուրում, երկրորդը՝ Հանոյում, երրորդը՝ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանին՝ ապառազմականացված գոտում։ Ինչպես նշում է Reuters-ը, դիվանագիտական ջանքերը կոնկրետ արդյունքների այդ շրջանում չհանգեցրին, չնայած Թրամփը հայտարարել էր, որ ինքն ու Կիմ Չեն Ընը «սիրահարվել են» միմյանց։
2024 թվականի նոյեմբերի կեսերին Կիմ Չեն Ընը մեղադրեց ԱՄՆ-ին լարվածության աճի եւ սադրանքների համար՝ հավելելով, որ Կորեական թերակղզին երբեք միջուկային պատերազմի նման բարձր ռիսկի չի հանդիպել։ «Երբեք Կորեական թերակղզում պատերազմող կողմերը նման վտանգավոր եւ ինտենսիվ առճակատման չեն հանդիպել, որը կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը։