Եվրախորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է նոր Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրամիության կենտրոնական գործադիր մարմնի կազմը։ Այս որոշման օգտին հանդես են եկել Եվրախորհրդարանի 370 պատգամավորներ՝ հիմնականում աջ կենտրոնամետների, ձախակենտրոնների եւ լիբերալների ներկայացուցիչներ։ Դեմ է արտահայտվել 282 պատգամավոր, որոնք էլ հիմնականում այն ուժերի ներկայացուցիչներն են, որոնք կազմում են Եվրախորհրդարանի ներկայիս գումարման ընդդիմությունը (աջ պոպուլիստներ եւ ազգայնականներ, ազգային պահպանողականներ, ձախեր)։ Ձեռնպահ է քվեարկել 36 պատգամավոր։
Հանձնաժողովը կրկին կգլխավորի Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատարի պաշտոնը կզբաղեցնի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ջոզեպ Բորելին։ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն կհամակարգի Եվրամիության արդյունաբերական ռազմավարությունը։ Տնտեսական հարցերով եվրահանձնակատար կնշանակվի Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը։
Եվրահանձնաժողովի պաշտպանական եւ պաշտպանական արդյունաբերության համար պատասխանատու անդամի պաշտոնը վստահվել է Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին։ Ներքին գործերի եւ միգրացիայի ոլորտն էլ կհամակարգի Ավստրիայի ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Մագնուս Բրունները։
Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովում ընդգրկված է 27 անդամ՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ սկզբունքով։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրահանձնաժողովի ղեկավարը, նոյեմբերի 27-ի ելույթում առաջին հերթին խոսեց անվտանգության եւ տնտեսական խնդիրների մասին։ Նա կարեւորել է Եվրամիության «ռազմավարական անկախությունը», այդ թվում՝ Ռուսաստանից մատակարարվող էներգակիրների հարցում։