Ուկրաինայի զինված ուժերի անդառնալի կորուստները Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի երեք տարիների ընթացքում կարող են հասնել 60-100 հազարի։ Այդ մասին գրում է The Economist պարբերականը՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզության տվյալները, ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներին եւ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Ենթադրվում է, որ լուրջ վնասվածքներ ստացել է 400 հազար ուկրաինացի զինվորական, որոնք այդ պատճառով այլեւս չէին կարող վերադառնալ մարտական ծառայության։ Պարբերականը տասնյակ հազարներով է հաշվում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը՝ ընդգծելով, որ զոհված խաղաղ բնակիչների մասին ավելի քիչ տեղեկություններ կան, քան զինվորականների մասին։
60 հազարը նախապատերազմյան Ուկրաինայում բնակված 18-49 տարեկան տղամարդկանց մոտավորապես 0,5%-ն է, այսինքն՝ այս տարիքային խմբում, եթե թվերը ճիշտ են, զոհվել է երկու հարյուր ուկրաինացուց մեկը։
«Եթե ենթադրենք, որ մարտում յուրաքանչյուր սպանվածի դիմաց կա 6-8 ծանր վիրավոր, ապա կստացվի, որ զորակոչային տարիքի գրեթե յուրաքանչյուր 20-րդ տղամարդ զոհվել կամ ծանր վնասվածք է ստացել»,- գրում է The Economist-ը։
Աղբյուրներից մեկը UA losses կայքն է, որը բաց աղբյուրներում հրապարակված տվյալներով հաշվարկում է ուկրաինացիների կորուստները։ Կայքի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր առնվազն 60 435 ուկրաինացի զինվոր է մահացել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, ինչպես Ռուսաստանը, կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի ներկայացնում։
The Economist-ը, հիմնվելով հետախուզական ծառայության աղբյուրները վկայակոչող արեւմտյան լրատվամիջոցների տվյալները, գրում է, որ պատերազմում ռուսական կողմի կորուստները շատ ավելի մեծ են, քան Ուկրաինայինը։ Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի անդառնալի կորուստները շուրջ 200 հազար են։ Mediazona-ի եւ BBC-ի լրագրողները բաց աղբյուրների միջոցով պարզել են ավելի քան 70 հազար զոհված ռուս զինվորականների անունները։
The Economist-ի լրագրողներն ընդգծում են, որ երկու երկրենրի զոհերի թիվը մոտենում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի զոհերի թվին։
Երկու պատերազմող կողմերն էլ գործնականում ընդհանուր տեղեկություններ չեն տրամադրում իրենց կորուստների մասին։ Բացառություն էր միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ փետրվարին հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա նշեց, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ժամանակ զոհվել է 31,000 ուկրաինացի զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին տվյալներով էլ սպանված եւ վիրավորված ռուս զինվորականների թիվը հասնում է 735 հազարի։