Ռուսաստանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում լիարժեք կվերականգնի Հայաստանի հետ գործընկերությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ ելնելով բարեկամ երկրի եւ, իսկապես, ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակում լիովին կվերականգնվի։ Մենք հաստատում ենք, որ այս փուլում Երեւանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական ուղղությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելու հարցում։
«Երեւանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, որը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման միակ մեխանիզմն է։ Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- ասել է Զախարովան։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի գործընկերները կհաղթահարեն իրենց կասկածները եւ կվերսկսեն համատեղ աշխատանքը Ռուսաստանի հետ։
Նման հայտարարություններ նախօրեին էլ հնչեցրել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում հայ գործընկերների՝ սեփական ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը։
«Դե յուրե, Երեւանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ եւ այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի համար դռները բաց են ֆիզիկապես ՀԱՊԿ-ում աշխատանքի վերադառնալու համար»,- ասել էր Ուշակովը։ Նա նաեւ նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ ԱԽ նիստի աշխատանքներին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ օրերս ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, իրական այլընտրանք չկա։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։