ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում նշանակել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Քիթ Քելլոգին։
«Ուրախ եմ պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին առաջադրելու որպես նախագահի օգնական եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց։ Միասին մենք խաղաղություն կապահովենք ուժի միջոցով եւ Ամերիկան ու աշխարհը կրկին ապահով կդարձնենք»,- գրել է Թրամփը Truth Social-ում:
80-ամյա Քիթ Քելլոգը ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ է: 2017 թվականի հունվարից մինչեւ 2018 թվականի ապրիլը նա եղել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու քարտուղար, իսկ հետո՝ փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Ըստ Reuters-ի եւ The Wall Street Journal-ի՝ Քելլոգը նորընտիր նախագահի մեկ այլ խորհրդական Ֆրեդ Ֆլեյցի հետ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դիտարկող ծրագրի հեղինակն է, որը նրանք մինչ ընտրությունները ներկայացրել էին Թրամփին։ Ըստ այդ ծրագրի՝ Կիեւը կզրկվի Վաշինգտոնի ռազմական օգնությունից, եթե Մոսկվայի հետ խաղաղության բանակցություններ չսկսի։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը զգուշացումներ կուղարկի նաեւ Ռուսաստանին, որ բանակցություններից հրաժարվելը կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան աջակցության կրկնապատկմանը։