Ընթացիկ տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԵԱՏՄ նախագահությունը հունվարից մեկ տարով ստանձնած Հայաստանը դիմել նիստը Ռուսաստանում, ոչ թե Երեւանում անցկացնելու խնդրանքով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտարարել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայ գործընկերների խնդրանքով անցկացվի Սանկտ Պետերբուրգում։
«ԵԱՏՄ շրջանակում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների եւ վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում»,- «Ազատությանը» ասել է Բադալյանը: