Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատել է Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի, իսկ Արթուր Պողոսյանին քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշումների նախագծերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Պողոսյանը շուրջ երկու տարի զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ Հակոբյանը նույնքան ժամանակ՝ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
«Պատրաստ եմ իմ ողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները: Եվ պատրաստ եմ ՊԵԿ-ն առաջնորդել՝ որպես թիրախ ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի եւ կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական եւ վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաեւ կոռուպցիոն երեւույթների դեմ շարունակական եւ ծանրակշիռ պայքարը»,- շնորհակալություն հայտնելով՝ իր խոսքում նշեց Էդուրադ Հակոբյանը։
Արթուր Պողոսյանն էլ հավաստիացրեց, որ պատրաստ է իր ամբողջ մասնագիտական փորձն ու ներուժը ծառայեցնել Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման եւ քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործին:
«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ եւ նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության եւ արդարադատության զգացողության ամրապնդմանը»,- ասել է քննչական կոմիտեի նորանշանակ նախագահը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախկին նախագահ Ռուստամ Բադասյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարականի մասին հայտնեցին նոյեմբերի 18-ին։ Կառավարության՝ պաշտոնանկություններին նախորդող նիստում ՀՀ վարչապետը դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ նշելով, որ նախանշված բարեփոխումները նկատելի չեն։