Վրաստանի խորհրդարանը 84 կողմ եւ 0 դեմ ձայներով հաստատել է Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարության կազմն ու առաջիկա չորս տարիների համար նախատեսված «Դեպի Եվրոպա՝ միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ եւ բարօրությամբ» ծրագիրը։
Նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ չի մասնակցում նիստերին։
Այսպիսով՝ Վրաստանի նոր կառավարության կազմը կունենա հետեւյալ տեսքը․
- Վարչապետ՝ Իրակլի Կոբախիձե,
- Արտաքին գործերի նախարար՝ Մակա Բոճորիշվիլի,
- Շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլի,
- Արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի,
- Կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար՝ Ալեքսանդրե Ծուլաձե,
- Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Լեւան Դավիթաշվիլի,
- Պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանի,
- Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
- Մշակույթի եւ սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե,
- Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձե,
- Ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի,
- Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձե,
- Հաշտեցման եւ քաղաքացիական համագործակցության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Նշենք, որ վրացական ընդդիմությունը հրաժարվել է ներկա խորհրդարանի լեգիտիմությունը ճանաչելուց եւ հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքները բողոքարկում է երկրի Սահմանադրական դատարանում։ Որոշ իրավաբաններ եւ ընդդիմադիրներ կարծում են, որ մինչեւ դատարանի կողմից ընտրությունների հետ կապված հայցի քննության ավարտը պատգամավորների լիազորությունների ճանաչումն անօրինական է։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածում ասվում է, որ «այն անձի ազգանունը, որի՝ պատգամավոր ընտրվելու օրինականությունը բողոքարկվում է Վրաստանի Սահմանադրական դատարանում կամ Վրաստանի Գլխավոր դատարանում, չի ներառվում պատգամավորների լիազորությունները ճանաչող խորհրդարանի որոշման մեջ»։
Երկրի արեւմտյան գործընկերները չշնորհավորեցին «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր կեղծիքները եւ սպասելով, մասնավորապես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցին։