Մոսկվան բազմիցս նշել է, որ ռուսական տարածքում արեւմտյան հեռահար զինատեսակների կիրառումը կնշանակի ՆԱՏՕ-ի ուղղակիորեն ներգրավում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ: Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներգրավվածություն զինված հակամարտության մեջ, քանի որ այդ զենքի օգտագործումը առանց ՆԱՏՕ-ի համապատասխան երկրների ռազմական անձնակազմի եւ ռազմական մասնագետների անմիջական մասնակցության ուղղակի անհնար է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ չնայած հակամարտության սրման վտանգի մասին Մոսկվայի նախազգուշացումներին՝ այնուամենայնիվ, Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցվել են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ նոյեմբերի 26-ին Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հաստատեց, որ Վաշինգտոնը Կիեւին թույլատրել է ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
Ավելի վաղ «РБК-Украина»-ն, հղում կատարելով ուկրաինական բանակի իր աղբյուրին, հայտնել էր, որ հարձակումն իրականացվել է ATACMS հրթիռներով Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա։ Լրատվականի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն էր, երբ ուկրաինացի զինվորականները հեռահար հրթիռներ էին կիրառել ՌԴ տարածքում տեղակայված թիրախներին հարվածելու համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 հեռահար ATACMS հրթիռներ են արձակել Բրյանսկի մարզում գտնվող ռազմական օբյեկտի վրա։
Նոյեմբերի 20-ին էլ թե՛ ռուսական եւ թե՛ արեւմտյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ուկրաինական բանակը բրիտանական «Storm Shadow» հրթիռներով հարվածել էր Ռուսաստանի Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հայտարարեց, որ ի պատասխան ուկրաինական կողմի հարձակումների՝ ռուսական բանակը «Օրեշնիկ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Դնեպր քաղաքի ռազմարդյունաբերական օբյեկտին։