ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները Աստանայում կայացած հանդիպման ժամանակ որոշումներ են կայացրել դաշինքի ամրապնդման վերաբերյալ եւ քննարկել պատասխանատվության ոլորտում ռազմաքաղաքական իրավիճակը։ Այդ մասին ասվում է ՀԱՊԿ-ի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը եւ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել «Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկել համագործակցության արդյունքները եւ հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները», ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ ավելացվում է, որ «հատուկ ուշադրություն է դարձվել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին»։
Բացի այդ՝ հաստատվել են ՀԱՊԿ անվտանգության խորհրդի կողմից քննարկման ներկայացված մի շարք փաստաթղթեր, եւ «որոշումներ են ընդունվել՝ ուղղված դաշնակցային կապերի հետագա ամրապնդմանը, արտաքին քաղաքականության համակարգման մեծացմանն ու հավաքական ուժերի զարգացմանը»։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է համատեղ փաստաթղթերի ընդարձակ փաթեթ, որը ներառում է ավելի քան 17 որոշման նախագծեր, այդ թվում՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մասին» ՀԱՊԿ ԱԽ որոշման նախագիծը եւ ռազմական մի շարք հարցերի վերաբերյալ փաստաթղթեր։
Աստանայում ընթացող նիստերին չեն մասնակցում ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։