Հայաստանն ընտանեկան բռնությունը կանխարգելելու նպատակով օրենքներ է ընդունել, կոնվենցիաներ վավերացրել, այդուամենայնիվ, հանցագործության այս տեսակը նվազման միտում չունի։ Ըստ դատախազության հրապարակած տվյալների՝ 2021 թվականին արձանագրվել է 500, 2022 թվականին՝ 357, 2023-ին՝ 508 դեպք: Ընտանեկան բռնության դեպքերի թիվը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 151-ով։
Ընտանիքում բռնության միջադեպերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության (ծեծի կամ բռնի այլ գործողությունների) դեպքերն են: 2023 թվականին արձանագրվել է նման 372, 2022 թվականին՝ 249 դեպք, այսինքն՝ 2023 թվականին դրանք աճել են 123-ով (49.4%-ով):
Ընտանեկան բռնության զոհերը հիմնականում կանայք են։ 2023 թվականին արձանագրված 508 դեպքից 308-ը կամ 61 տոկոսը կիրառվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, իսկ 2022 թվականին բռնության ենթարկվածների 66 տոկոսն են եղել կանայք։ Կանանց կողմից բռնության ենթարկված ամուսինների թիվը նկատելիորեն քիչ է։ 2022 թվականին չորս ամուսին է կնոջ կողմից բռնության ենթարկվել, իսկ 2023 թվականին՝ երեք։
Ընտանիքում սպանության դեպքերի պարագայում եւս վիճակագրությունը մտահոգիչ է։ 2023 թվականին արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է երեք դեպք, 2022 եւ 2021 թվականներին՝ չորսական դեպք։
2022 թվականին արձանագրված չորս դեպքն էլ կատարվել էր ամուսնու կամ նախկին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2023 թվականին արձանագրված սպանության երեք դեպքից երկուսն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:
2023 թվականին ընտանիքում առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը 8-ն էր, այն պարագայում, երբ 2022 թվականին նման դեպք չէր արձանագրվել, իսկ 2021-ին 1 դեպք էր արձանագրվել:
2024 թվականի մայիսի 3-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի նիստի ընթացքում անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերին, ասաց՝ դրանց բացահայտելիությունն աճել է:
Գլխավոր դատախազը պարզաբանեց՝ դեպքեր կան, որոնք ի սկզբանե չեն արձանագրվել որպես հանցագործություն, բայց դատախազական վերանայման արդյունքում վարույթ է նախաձեռնվել:
Գաղտնիք չէ, որ հատկապես մարզերում բազմաթիվ կանայք բռնության են ենթարկվում, բայց լռում են։ Սա փաստեց նաեւ գլխավոր դատախազը։
«Հատկապես փոքր համայնքներում մեզ չեն հասկանում, ասում են՝ ա՛յ, դուք ընտանիքը քայքայելու գործընթաց եք սկսել: Մենք շատ երկար բացատրում ենք, որ ընտանիքը պահպանելու գործընթաց ենք սկսել»,- ասաց Վարդապետյանը:
Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում 1800 համայնքային ոստիկան բարելավել է մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով վերապատրաստման դասընթացների։
Այն իրականացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պատվիրակված ծառայություն մատուցող աջակցման կենտրոնների հետ համագործակցությամբ։
Կառավարությունն աջակցում է ընտանեկան բռնության զոհերին
2020 թվականից ի վեր ՀՀ Կառավարությունը հանձն է առել ընտանեկան բռնության զոհերին աջակցության ծառայություններ մատուցելու պատասխանատվությունը՝ տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պետական բյուջեից։ 2022 թվականին նշված ծառայություններից արդեն իսկ օգտվել է 1516 անձ, 2023 թվականին՝ շուրջ 1800-ը, իսկ 2024 թվականին այս պահի դրությամբ՝ 1600 անձ։ Կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են ընտանեկան բռնության զոհերին։
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակում տեղի ունեցած գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց՝ աշխարհում 2022 թվականին շուրջ 89 հազար կին ենթարկվել է բռնության եւ միտումնավոր սպանվել, հետեւաբար այս խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ ամբողջ աշխարհում։
«Երբեմն ոմանց համար տունն ավելի վտանգավոր միջավայր է, քան փողոցը, որովհետեւ տանը կանանց եւ աղջիկների նկատմամբ կիրառվող բռնությունները շարունակական են։ Այդ կերպ ձեւավորվում է բռնության մոդել, եւ մենք պետք է արձագանքենք դրանց, կտրականապես մերժենք այդ երեւույթը։ Այդ առումով շատ կարեւոր է նպատակային հոգեբանական աշխատանքը ընտանիքների հետ, իրազեկվածության բարձրացումն ու համապատասխան աշխատանքը պատկան մարմինների հետ»,- ասաց Ժակոբը։ Նա ընդգծեց՝ վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին աշխարհում շուրջ 89 հազար կին ենթարկվել է բռնության եւ միտումնավոր սպանվել, հետեւաբար այս խնդիրը շարունակում է մտահոգել եւ անհանգստություն պատճառել։
ԵՄ-ն եւս աջակցում է Հայաստանին ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծում է՝ ՀՀ Կառավարությունը, ՀԿ-ներն ու անհատները պետք է համատեղ ջանքերով պայքարեն ընտանեկան բռնության դեմ, մանավանդ որ գենդերային հավասարությունն ու բռնության վերացումը ԵՄ-ի գործունեության եւ արժեքների հիմքում են։ Ըստ Մարագոսի՝ շատ կարեւոր է նաեւ կրթությունը երեխաների եւ երիտասարդների շրջանում, ինչպես նաեւ կարծրատիպերի դեմ մղվող պայքարը։ Հետեւողական պայքարի միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որում ընտանեկան բռնությունն իսպառ կմերժվի։
Փաստաբան Կարինե Լալաբեկյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ ընտանեկան բռնության դեպքերն իրականում անհամեմատ ավելի շատ են արձանագրվածների համեմատ։ Բռնության ենթարկվող կանայք լռում են հիմնականում խոցելիության եւ ինքնուրույնության բացակայության պատճառով։
Ըստ փաստաբանի՝ հատկապես գյուղական համայնքներում շատ են այն ընտանիքները, որտեղ ամուսինն իշխում է, ավելին՝ այդ ընտանիքներում կանայք տարիներ շարունակ ենթարկվում են բռնության, բայց չեն դիմում իրավապահ մարմիններին։
«Շատերը կարծում են՝ ամոթ է, որ ուրիշներն իմանան դրա մասին, կամ ամուսնալուծվելն ամոթալի երեւույթ են համարում։ Մյուս խնդիրը հետեւյալն է․ կանայք, վաղ տարիքում ամուսնանալով, չեն հասցնում սովորել, մասնագիտություն ստանալ, ուստի աշխատանք, ֆինանսական անկախություն չեն ունենում։ Հետեւաբար, ընտանիքոմ բռնության ենթարկվելով, շարունակում են ապրել բռնարարի հետ, իրենց պնդմամբ, հանուն երեխաների (որպեսզի երեխան տանիք ու ապրուստի միջոց ունենա)»,- ասում է փաստաբանը։
Բռնության ենթարկված կանանցից իրավապահներին դիմում են հիմնականում քաղաքաբնակները, որտեղ հասարակական կարծիքն այնքան ազդու չէ, ինչպես գյուղական համայնքներում։ Վերջին տարիներին քաղաքաբնակների շրջանում իրավագիտակցությունը համեմատաբար բարձրացել է․ շատերը չեն հանդուրժում, երբ ամուսինն իրենց բռնության է ենթարկում, ուստի դիմում են իրավապահ մարմիններին։ Իսկ գյուղերում, ցավոք, դրական տեղաշարժ չկա այս հարցում։ Կանայք շարունակաբար բռնության են ենթարկվում եւ հանդուրժում են դա։
Կրթական ցենզը եւս այդ հարցում կարեւոր դերակատարում ունի։ Կայացած, մասնագիտություն ունեցող կանայք ավելի հակված են իրենց իրավունքները պաշտպանելու եւ բռնության մասին հաղորդում ներկայացնելու։ Փաստաբան Կարինե Լալաբեկյանը հաճախ է սոցիալական ցանցերի խմբերում կարդում անանուն գրառումներ, որտեղ կանայք օգնություն են խնդրում, խորհուրդ հարցնում։ Բայց երբ իրավաբանը պատրաստակամություն է հայտնում աջակցելու, զրուցելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, այդ կանայք հրաժարվում են իրենց անունով հանդես գալուց, հանցագործության մասին հաղորդում տալուց։ Նրանք վախեցած են, անինքնավստահ, բռնարարին օրենքով պատասխանատվության ենթարկելու իրավական գործընթաց սկսելու պատրաստակամություն չունեն։
Ըստ փաստաբանի՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու գործում կարեւոր է պետության դերակատարումը։ Եթե պետությունը իրազեկի հանրությանը, պատրաստ լինի կայուն աջակցության, գոնե որոշակի ժամանակահատված տանիք տրամադրելու ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ապա բազմաթիվ կանայք կհամարձակվեն երեխայի հետ հեռանալ բռնարարի տնից։ Երբեմն բռնության ենթարկող ամուսինը նույնպիսի վերաբերմունք է ցուցաբերում նաեւ երեխաների նկատմամբ։ Փաստաբանը նշում է՝ որեւէ դեպքում չի կարելի մտածել, որ հանուն երեխաների կարելի է ապրել բռնարարի հետ նույն հարկի տակ, որովհետեւ նման ընտանիքում մեծացող երեխան չի կարող երջանիկ կամ հոգեպես առողջ լինել։ Այնպես որ, բռնությունը հանդուրժելը, անշուշտ, վնասում է երեխային։
«Իհարկե, կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են բռնության ենթարկվող կանանց, բայց դրանք շատ չեն, բացի այդ՝ կանայք իրազեկված չեն։ Շատերը չգիտեն՝ որ կառույցին կարող են դիմել»,- ասում է փաստաբանը։
Նա հիշեցնում է՝ կինը չպետք է կարծի, որ եթե բարձրաձայնի բռնության մասին, ապա իր երեխաների հետ կհայտնվի փողոցում՝ առանց տանիքի։ Հարկավոր է համարձակ լինել, պատրաստ լինել աշխատելու, անհրաժեշտության դեպքում նոր մասնագիտություն ունենալու։ Թվարկվածներից զատ՝ անհրաժեշտ է հիշել՝ դատարան դիմելու պարագայում նրանք կարող են ալիմենտ պահանջել ամուսնուց, եւ այդ ֆինանսական միջոցները եւս կօգնեն երեխաներին խնամելու հարցում։ Կան կազմակերպություններ, որանք պատրաստ են աջակցելու բռնության ենթարկվածներին։
Զրույցի վերջում Կարինե Լալաբեկյանը եւս մի փաստ է ներկայացնում․ ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման գործում բացասական դերակատարում ունեն նաեւ կարծրատիպերը, հանրային կարծիքը։ Բռնության ենթարկված բազմաթիվ կանայք մտածում են՝ «իսկ ի՞նչ կմտածեն մարդիկ, եթե ամուսնալուծվեմ»։ Նրանք վախենում են հասարակության խտրական վերաբերմունքից ու խարանից։
«Թույլ մի՛ տվեք, որ ձեզ բռնության ենթարկեն։ Տե՛ր եղեք ձեր իրավունքներին։ Հիշե՛ք, որ չի կարելի առաջնորդվել հանրային կարծիքով․ հասարակությունը չէ, որ ապրում է բռնություն ենթարկող կնոջ կյանքով, բռնարարի կողքին։ Հասարակության անդամները բռնարարի ձեռքը չեն բռնում։ Ուստի նրանք իրավունք չունեն փնովելու այն կնոջը, որը ջանում է դուրս գալ բռնարարի ճիրաններից։ Բռնության ենթարկվող կինը չի կարող դաստիարակել առողջ երեխաներ։ Գոնե ի սեր ձեր երեխաների հոգեկան առողջության մի՛ հանդուրժեք բռնությունը»,- եզրափակում է Կարինե Լալաբեկյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։