Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ դրա ընթացքում Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Աստանայում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Բայց ՀԱՊԿ-ն դրա հետ կապ չունի, քանի որ արտաքին ագրեսիա հենց Հայաստանի դեմ չի եղել։ ՀԱՊԿ-ը կոչված է անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելուն։ Ղարաբաղյան իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները. Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր շրջագծում։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական առնչություն չունի Հայաստանի հետ, հետեւաբար հավակնություններ արտահայտել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր այդ անկլավի տարածքում, տարօրինակ է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ռազմական միջամտության համար։ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լարվել են 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։
Այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով նաեւ ՀԱՊԿ-Հայաստան հրաբերություններին՝ Պուտինը հայտարարել է, որ Երեւանը կառույցից դուրս գալու մասին այնուամենայնիվ չի հայտարարել։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Երեւանը «հայտարարել է, որ ընդմիջում է վերցրել»՝ միեւնույն ժամանակ աջակցելով բոլոր այն փաստաթղթերի ընդունմանը, որոնք ընդունվել են Աստանայի այսօրվա հանդիպման եւ բանակցությունների ընթացքում։
Պուտինը նաեւ չի բացառել, որ Հայաստանը ամբողջական ձեւաչափով կվերադառնա ՀԱՊԿ-ի աշխատանքներին։